Search
Close this search box.

Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ իր նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին tert.am-ի հետ հարցազրույցում ասել է պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նրա փոխանցմամբ՝ Ս.Սարգսյանն այսօր հրավիրվել էր հարցաքննության որպես վկա, որի ծանուցագիրն ստացել էին նոյեմբերի 29-ին։

«Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասել է Մակինյանը եւ նշել, որ ՀՔԾ ներկայանալուց հետո քննիչը Սերժ Սարգսյանին ասել է, որ նա կասկածանքի շուրջ է հարցաքննվելու:

«Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է արդյոք նախագահի անձեռնմխելիությունը, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք նույն պահին համապատասխան առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:

Ամրամ Մակինյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։