Search
Close this search box.

Հայկ Սարգսյանի 10 միլիոնը. դասալքությունը կօրինականացվի՞

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել առաջարկով՝ փոփոխություն կատարելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, ընդունելու արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք, որ կոչված է լինելու կարգավորել մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:

Քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով, և եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

Հայկ Սարգսյանի «մտքի փայլատակումը», որ ոմանց կարող է բավական գայթակղիչ թվալ, իրականում լրջագույն վտանգներ է պարունակում՝ սկսած հասարակության մեջ անհավասարության խորացումից, երբ, փաստորեն, բանակից օրինական հիմունքներով խուսափելը դառնում է հարուստների երեխաների մենաշնորհը, և հայրենիք պաշտպանելը վերածվում է անապահով ընտանիքների զավակների մենաշնորհի, վերջացրած բանակի մարտունակությանը հասցվելիք լրջագույն հարվածով. չկա ոչ մի երաշխիք, որ մեկ ամսվա ընթացքում իսկապես կհաջողվի երիտասարդից իսկական զինվորական կերտել՝ նկատի ունենալով նաև մի շարք օբյեկտիվ դժվարություններ:

Պատկերն է՛լ ավելի ամբողջական է դառնում հատկապես երբ հաշվի է առնվում Հայաստանի՝ պատերազմող երկիր լինելու իրողությունը՝ կարգավիճակ, որը ստիպում է բանակին վերաբերող հարցերում կամ նախաձեռնություններում, ինչպես ասում են, յոթ անգամ չափել և միայն մեկ անգամ կտրել. բանակը կյանքում ինքնահաստատվել փորձողների համար փորձադաշտ չի կարող դառնալ՝ անկախ նման ձգտումներ ունեցողների կուսակցական պատկանելիությունից:

Ի դեպ, հետաքրքրական է այն հիմնավորումը կամ հիմնավորումները, որ բերվում են՝ իբր ապացուցելու առաջարկի անհրաժեշտությունը: Պարզվում է, օրինակ, որ նախագիծն օգնելու է պետությանը զարգացնել գիտությունը (եթե շահագրգիռ են այդ հարցում, ապա ինչո՞ւ է, օրինակ, 2020-ի բյուջեով գիտությանը հատկացված գումարի չափը ծիծաղ հարուցում), կանխել Սփյուռքի ուծացումը, զորամասերում կառուցել ժամանակակից մարզասրահներ, չծխող կամ ծխելը թողած զինծառայողներին տրամադրել լրացուցիչ զինվորական համազգեստ և այսպես շարունակ: Կարճ ասած՝ այն բոլոր հայտնի կամ անհայտ խնդիրները, որոնք այսօր կան հայկական բանակում, իմքայլականն առաջարկում է լուծել մեկ ուժգին հարվածով՝ 10 մլն դրամով:

Իհարկե, ոչ ոք չի պնդում, որ գոյանալիք միջոցները կարող են ավելորդ լինել կամ դրանց համար ծախսելու տեղ չգտնվի. փողի կարիք միշտ կա ու, թերևս, մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Հարցը, սակայն, այն է, թե այդ գումարներն ինչպես են հայթայթվելու: Այն ճանապարհը, որն, օրինակ, առաջակում է նույն Հայկ Սարգսյանը, կարո՞ղ է ստեղծված իրավիճակում լուծում համարվել: Ակնհայտ է, որ ոչ, քանի որ եթե նույնիսկ երևակայենք էլ, որ շնորհվ նրա նորարարության, հայոց բանակ փողերի գետեր են հոսելու, ապա դա կրկին ոչինչ չի երաշխավորելու, քանի որ Հայաստանը, որպես պատերազմող պետություն, նախևառաջ խնդիր ունի զորքի կրիտիկական թվաքանակի պահպանման. եթե կյանքի կոչվի Սարգսյանի նախաձեռնությունը, ապա խիստ մեծ է հավանականությունը, որ այն լայն դուռ կբանա փաստացի օրինական դասալքության համար՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով:

Իսկ եթե իսկապես իշխանությունները ցանկանում են խթանել ներգաղթն ու կանխարգելել արտագաղթը, ապա այդ անելու միակ ճանապարհը սեփական նախընտրական խոստումները պարբերաբար մտաբերելն ու դրանց ու ներկա իրականության միջև համեմատական զուգահեռներ անցկացնելը կլինի: Եթե մարդիկ տեսնեն, որ երկրում ինչ-որ բան է փոխվում, ինչ-որ դրական տեղաշարժ է նկատվում, ապա ինքնաբերաբար խնդիրը կլուծվի, ու երկրից է՛լ չեն փախչի, երկրից հեռացածներն էլ կշտապեն իրենց տները: Սա է արտագաղթը կանխելու կամ ներգաղթ կազմակերպելու ամենակարճ ու աշխատող
տարբերակը:
Նյութի աղբյուր՝ tert.am

Այս Բաժնից