Search
Close this search box.

Տնօրեն է ձերբակալվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղյա չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 25 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա թանկարժեք զարդեր:

Շ. Թումանյանը ոչ միայն խոստովանել է կատարած հանցանքը, այլ նաև հայտնաբերվել է գողացված չհրկիզվող պահարանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ. Թումանյանը, ով աշխատում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ավելի վաղ կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել էր քրեական գործ։ Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել էր, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարան քաղաքի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։

Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանտիրոջ հարազատները հայտնել էին, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20 հազար ԱՄՆ դոլար և 35 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյա, թանկարժեք զարդեր։