Search
Close this search box.

Մարտիրոսյան. «Փաշինյանին հարցեր ուղղած բլոգերը ժամանակին դատվել է խարդախության համար»

Սամվել Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Աբդուլաևը յուրահատուկ բլոգեր է և հայտնի է դարձել, երբ ժամանակին փորձում էր ոստիկանությանը օգնել ցույցեր ցրելու գործում:

«Դրանից առաջ Աբդուլաևը ներգրավված էր ֆուտբոլային խնդիրներում, նույնիսկ դատվել էր խարդախության համար: Ենթադրաբար, հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրան ներգրավվել են իրենց գործունեության մեջ»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Ադբուլաևն այժմ սպասարկում է իշխանություններին, ելույթ է ունենում հանրային հեռուստատեսությամբ: Միլանում նա փորձել է սադրանք իրականացնել՝ ակնկալելով, որ լավագույն դեպքում իրեն այնտեղ կծեծեին, թույլ չէին տա ներս մտնել, հակառակ դեպքում` պլանավորել էր հարցեր ուղղել Փաշինյանին՝ ինչ-որ բան քաղելու նպատակով:

«ՀՀ վարչապետի պատասխանը նույնիսկ չարժե գնահատել այն առումով, որ կարևորություն այդտեղ չկա: Փաստն այն է, որ սադրանքի հարցում ադրբեջանցին ձախողվել է»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի, գրոհային է ուղարկել, որպեսզի կարողանար լավ աղմուկ-աղաղակ, կռիվ բարձրացնել` դիվիդենտներ շահելու համար, սակայն հակառակը եղավ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին Իտալիայի Միլան քաղաքի Քառասուն Մանկաց հայ առաքելական եկեղեցում ՀՀ վարչապետի` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներս էր մտել մի ադրբեջանցի, որը ներկայացել էր բլոգեր և հարցեր է ուղղել Փաշինյանին։ Նա կոչ էր արել Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը», մեղադրել էր Հայաստանին «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանցուն փորձել էին դուրս հրավիրել, իրարանցում էր առաջացել, սակայն վարչապետը խնդրել էր թույլ տալ նրան հանգիստ խոսել։