Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկին ազատամարտիկ, «Մուշ» ջոկատի անդամ Հարություն Սարգսյանի դատական նիստը: Սարգսյանը մեղադրվում է 15/166 զորամասի հրամանատար Ջոնի Սամսոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու համար: Ըստ Սարգսյանի՝ նա այս քայլին է գնացել, երբ զորամասի նոր հրամանատար Ջոնի Սամսոնյանը, անձնակազմից բողոքներ ստանալուց հետո, որոշել է աշխատանքից ազատել Հարություն Սամսոնյանին:
Դեպքը տեղի էր ունեցել 2019թ. ապրիլի 5-ին, ժամը 8-ի սահմաններում: Ըստ մեղադրանքի՝ «Հարություն Սարգսյանը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 90-րդ շենքի 1-ին հարկի շքամուտքում, նախապես ապօրինի ձեռք բերված 7,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված, նախկին ԽՍՀՄ 1941թ. գործարանային արտադրության «Նագան» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակից երկու կրակոց արձակելով՝ փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Ջոնի Սամսոնյանին, սակայն հանդիպել է տուժողի դիմադրությանը և հանցանքն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված»:
Այսօրվա դատական նիստին ներկա էր՝ ինչպես ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, այնպես էլ՝ տուժող Ջոնի Սամսոնյանը:
Այսօր դատարանում հարցաքննվում էին գործով անցնող վկաներ՝ Գագիկ Խնկոյանը և Վահագն Խնկոյանը:
Գագիկ Խնկոյանը 15/166 զորամասում հրամանատարի նյութատեխնիկական գծով տեղակալն է: Հարցաքննության ժամանակ նա դատարանին ասաց, որ դեպքի մասին իրեն տեղեկացրել էր որդին՝ գործով անցնող մյուս վկա Վահագն Խնկոյանը, որն այդ օրերին աշխատել է տուժող Ջոնի Սամսոնյանի մոտ՝ որպես վարորդ:
«Զանգել է ինձ դեպքից հետո, ասել ՝«Հարութը կրակել է հրամանատարի վրա», գնացել եմ հրամանատարի տուն: Գնացի տեսա՝ Սարգսյանը պառկած էր փորի վրա: Զենքը, տեսա, տղայիս ձեռքն էր: Հետո զանգել եմ ռազմական ոստիկանության պետին հրամանատարի համարից»,- դատարանում հայտարարեց Գագիկ Խնկոյանը:
Քանի որ Գագիկ Խնկոյանը դատարանի ու կողմերի հարցերին պատասխանում էր կցկտուր, դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել Գագիկ Խնկոյանի նախաքննական ցուցմունքը:
«Այս մասով ցուցմունքը բովանդակային չէ, իսկ նախաքննական ցուցմունքով խոսքն ավելի բովանդակային էր, վկան ներկայացրել էր, թե ինչ են խոսել տուժողի հետ հիվանդանոցում» ,- ասաց դատախազը:
Բայց դատարանը միջնորդությունը չբավարարեց, քանի որ չկա էական տարբերություն դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Մերի Ալավերդյանը, լսելով վկայի հարցաքննությունը, հարցրեց՝ արդյո՞ք Գագիկ Խնկոյանը կարող է դատարանին հայտնել, որ իր ցուցմունքներում չկա կաշկանդվածություն, քանի որ ինքն և իր որդին տուժողի ենթականերն են: Չնայած փաստաբանի հարցը բարկացրեց տուժող Ջոնի Սամսոնյանին, այդուամենայնիվ վկան պատասխանեց, որ այդ հանգամանքն իրեն չի կաշկանդել: Հետո էլ դատարանի հարցին պատասխանելով՝ ասաց, որ չի փորձում հաճոյանալ իր հրամանատարին:
Այսօր հանցաքննվեց նաև գործով երկրորդ վկա Վահագն Խնկոյանը, որը 2018 թվականի հոկտեմբերից, երբ 15/166 զորամասում նոր հրամանատար էր նշանակվել Ջոնի Սամսոնյանը, աշխատել է՝ որպես հրամանատարի վարորդ:
«Ապրիլի 5-ին, 7:45 եղել ենք իրանց (հրամանատարի) բակում: Լսեցի կրակոցի ձայն, սկզբում ինձ թվաց՝ կրակոց չի, մոտ մի րոպե հետո ձայն լսեցի, հետո հարևանը դուռը բացեց, տեսա, որ մի հոգի պառկած ա, ու հրամանատարն էլ վրան պառկած ա: Միանգամից մոտեցա, հրամանատարն ասեց՝ «սկոռի կանչի, մեկ էլ կանչի, թող գան սրան տանեն»: Որ տենց ասեց, միանգամից դուրս եմ հելել, զանգել եմ հորս, առաջինը տեղյակ եմ պահել իրան, հետո ներս մտա, հարևանն ասեց՝ «ես սկոռի զանգել եմ», ու ես զանգել եմ ոստիկանություն»,- ասաց Վահագն Խնկոյանը, որը դեպքից 4 ամիս անց 15/166 զորամասում աշխատանքից դուրս է եկել:
Հետո ավելացրեց, որ այդ ժամանակ հրամանատարն իրեն ասել է՝ «կապելու բան բեր, սրա ձեռքերը կապենք, մինչև ոստիկանները գան», իսկ Հարություն Սարգսյանը, որը դեմքով գետնին ընկած է եղել, խնդրել է թույլ տալ, որ շնչի:
«Հարությունն ասում էր՝ «թող շնչեմ, մեկ ա, չեմ փախնելու, գնալու էի հանձնվեի»»,- ասաց Վահագն Խնկոյանը:
Գործով կա անցնող ևս 4 վկա: Նրանք այսօր ներկա չէին դատական նիստին:
Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի զինակից ընկերները վստահ են, որ պատերազմով անցած և ուղեղի ցնցում ստացած իրենց զինվորական ընկերը նման քայլի մտածված չէր գնա, ապա ավելացնում են. «այս գործով 15/166 զորամասի հրամանատարի սխալ գործողությունների մասին դեռ շատ բան կբացահայտվի»: