Search
Close this search box.

Դանակահարություն բակում. 23-ամյա երիտասարդը բարձրաձայն հայհոյել է, իսկ հետո դանակով հարվածել իրեն դիտողություն անողին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:53-ին, «Իզմիրլյան» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջին եւ ձախ առաջակողմնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, ում, ըստ հարազատների, բակում դանակով հարվածել են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության փողոցում գտնվող շենքի՝ իր բնակարանում 23-ամյա երիտասարդը հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, որը լսելի է եղել հարակից շենքերի բնակիչներին, ինչի կապակցությամբ հարեւան շենքի բնակիչներից մեկը՝ ծնված 1988թ., իր ընկերոջ հետ գնացել է երիտասարդի բնակարան եւ դիտողություն արել վերջինիս՝ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար, ինչին ի պատասխան 23-ամյա երիտասարդը ներողություն է խնդրել:

Այնուհետեւ նույն օրը՝ ժամը 17:15-ի սահմաններում, երիտասարդը, իրեն դիտողություն անելու շուրջ պարզաբանումներ պահանջելու համար, 31-ամյա տղամարդուն կանչել է բակ եւ իր ձեռքում եղած սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս եւ դիմել փախուստի:

Քննության  ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, կատարվել են առգրավումներ, խուզարկություն, հարցաքննվել են վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ 23-ամյա երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնին:

2019 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին 23-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին եւ ձերբակալվել՝ 31-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: