Search
Close this search box.

Քոչարյանը անխնա «կկրակի» նաև դիակների վրա

Լրագրող, վերլուծաբան Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ըստ նախնական վարկածի ինքնասպանությունը էապես կբարդրացնի Մարտի 1-ի դատավարության ընթացքը:

Ցավով պետք է արձանագրենք, որ Հարությունյանի կյանքից հեռանալով տեղի ունեցավ 2008 թվականի Քոչարյանի ռեժիմի ուժային գվարդիայի վախճանը: Չկա նախկին ոստիկանապետը, իսկ արյունալի դեպքերի ժամանակ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը մահացել էր 2017 թվականի սեպտեմբերին, իր հետ տանելով ինֆորմացիոն մի մեծ փաթեթ:

Ինչ վերաբերվում է 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միշա Հարությունյանին, ապա վերջինս տեղ է զբաղեցրել ռուսական պողպատյա «յուբկայի» ներքո:

Հարությունյանն այս գործում մեծ հաշվով «դիակ» է, նրա դերակատարությունը մեղմ ասած քիչ հավանական է:

Ու փաստորեն, պետական հարցագործության գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դատավարության ընթացքում գործելու է առանց Մարտի 1-ի անմիջական մասնակից ուժային գվարդիայի: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Բերեմ ընդամենը մեկ, բայց միանգամայն խոսուն օրինակ: Այս տարվա մայիսի 17-ին տեղի ունեցած Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր եկել մի «հանճարեղ» հայտարարությամբ բառացիորեն ասելով․«ԱԱԾ պետ Հակոբյանն ասաց, որ զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, որոնք օգտագործվում են։ Այնուհետև, երբ մամուլում քննադատեցին, որ նման բան չկա, նա անձամբ բերեց գրասենյակում այդ նյութերը ցույց տվեց, դրա հետ միասին՝ նաև մի շարք այլ դրվագներ, որոնք այսօր որևէ տեղ չկան։ Ես չգիտեմ` դրանք որտեղ են»:

Նման հայտարարությունը ստորության վառ դրսևորում լինելուց նաև «կրակոց» էր ուժային կառույցի նախկին ղեկավարի դիակ ուղղությամբ: Դժվար չէ ենթադրել, որ նման կրակրոցներ ավելի հաճախակի կլինեն դատավարության ընթացքում: Ավելի ստույգ, հայտնվելով ըստ էության անելանելի իրավիճակում Քոչարյանը անխնա կրակելու է ուժային գվարդիայի դիակների վրա:

Մնում է հուսալ, որ Մարտի 1-ի գործով մյուս վկաները Հայկ Հարությունյանի ճակատագրին չեն արժանանա և չեն հայտնվի Քոչարյանի «կրակոցների» թիրախում: ՀՀ ներկայիս ուժային կառույցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել վկայի կարգավիճակ ունեցող 800-ից ավելի անձանց նկատմամբ: