Search
Close this search box.

Սկանդալային բացահայտում.Կառավարության դիմաց բողոքողը ամենախոշոր տնտեսվարողներից է, ով ունի 12 մլն դրամից ավելի պարտք

Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության դիմաց ոռոգման ջրի խնդրով բողոքի ակցիայի մասնակիցների և մասնավորապես, Էջմիածին համայնքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի կողմից հնչեցված մեղադրանքների առնչությամբ հայտնում Ջրային կոմիետից հայտնում են.

«Ռաֆայել Մխիթարյանը «Էջմիածին» ՋՕԸ ամենախոշոր տնտեսվարողներից է, որը ունի 40 հա հողատարածք, առվույտ է մշակում, ՋՕԸ հետ 40 հեկտարի ոռոգման պայմանագիր ունի և մոտ 12մլն դրամից ավելի պարտք՝ 2016-2018թթ. համար։ Ջրբաշխի մատյանում առկա են համապատասխան գրառումներն ու ջրօգտագործողի ստորագրությունը։ ՋՕԸ-ն դատարան է դիմել՝ պարտքի գանձման պահանջով, քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում ժամանակացույց է սահմանվել, որպեսզի այս տարվա ընթացքում հին պարտքից առնվազն 2 մլն դրամի վճարում կատարվի՝ ընթացիկ տարվա վճարներին զուգահեռ, սակայն 500 հազ․ դրամ վճարելուց հետո քաղաքացին այլ վճարումներ չի կատարել։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարվա ընթացքում տնտեսվարողն արդեն իսկ օգտագործել է 315 828խ/մ ոռոգման ջուր, որի վճարը կազմում է մոտ 3․5 մլն դրամ և այն նույնպես վճարված չէ․ջրբաշխի մատյանում ոռոգման փաստը գրանցված է, քաղաքացին ստորագրել է ստացած ջրի դիմաց։

ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեն մտահոգություն է հայտնում նախարար Սուրեն Պապիկյանի, Հարություն Գուլյանի հասցեին հնչեցված սպառնալիքների, վիրավորանքների հետ կապված, միաժամանակ հիշեցնում, որ ոռոգման համակարգում, Ջրօգտագործողների ընկերություններում ընթացող բարեփոխումները հաճախ ցավոտ են, սակայն չունենք այլընտրանք ։ Յուրաքանչյուր ջրօգտագործող պետք է ունենա պայմանագիր, հստակ հաշվառի տնտեսություններին բաշխվող ջուրը, և քաղաքացին անպայման պետք է ստորագրությամբ վավերացնի իր ստացած ջրի քանակի փաստը և ժամանակին վճարի օգտագործած ջրի դիմաց։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անհանգստացնող, մտահոգող բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար դիմել միայն քաղաքակիրթ քայլերի. վստահեցնում ենք, որ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեն ամեն ինչ անում է՝ օր առաջ համակարգում կարգուկանոն սահմանելու, հարաբերություններն ու ծառայությունները միայն օրինական դաշտում ապահովելու համար»։