Search
Close this search box.

Նաիրա Զոհրաբյանն այցելել է հոգեկան շեղումներ ստացած զինվորներին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ կայազորային հոսպիտալում հանդիպեցի հոգեկան շեղումներ ստացած զինվորներին:

Այսօր Պաշտպանության նախարարության Երևանի կայազորի հոսպիտալում էի։ Բոլոր այն ծնողներին, ում որդիները այս պահին իրենց բուժումն են ստանում հոսպիտալում, պիտի ասեմ, որ հանգիստ լինեն. պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, հոգատար վերաբերմունք, ինչը ինձ անկեղծորեն տպավորեց։ Զրուցեցի թե՛ հիվանդ զինվորների և թե՛ ծնողների հետ ու որոշ խնդիրներ, որ բարձրացվեցին իրենց կողմից՝ առաջիկա օրերին կքննարկեմ պաշտպանության նախարարի հետ։

Սակայն, ինձ որոշակիորեն մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը, որտեղ հոգեկան և տարբեր հոգեբանական շեղումներով զինվորներն էին։ Թիվը, բնականաբար, չեմ հրապարակի։ Ինձ դիմած բազմաթիվ ծնողներ վստահեցնում են, որ իրենց որդիները զորակոչվել են բանակ բացարձակապես առողջ և այնուհետեւ, ոմանք՝ ծեծի, կամ՝ անձը նվաստացնող այլ հանգամանքների պատճառով ստացել են հոգեկան ակնհայտ շեղումներ։ Ոմանց դեպքում, ինչպես տեսա՝ այլևս անդառնալի հոգեկան խանգարումներ։ Մասնագետ բժիշկների մեկնաբանությունը այլ էր։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ մենք քննարկելու և նաև օրենսդրական նոր լուծումներ առաջարկելու լուրջ խնդիր ունենք, որը ես՝ որպես պատգամավոր, բնականաբար, պաշտպանության ոլորտի մասնագետների և առաջին հերթին նախարարի հետ քննարկելուց հետո, կանեմ։ Բնականաբար, կա նաև կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն անելու անհրաժեշտություն։

Իսկ մինչ այդ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին ոչ միայն այս, այլ նաև բանակի հետ կապված մի շարք այլ օպերատիվ խնդիրներ քննարկելու համար»: