Search
Close this search box.

ԱԱԾ տնօրենի խորհրդականը կհրավիրվի դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Դանիել Իոաննիսյանի բողոքի քննությունը: Նիստին ներկա են մեղադրող Վարդգես Սարգսյանը, քննիչը և Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, որը մերժվել էր, և հիմա ընթանում է քրգործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունը: Ըստ ներկայացված բողոքի՝ ԱԱԾ-ում Գարեգին Միսկարյանի հետ կապված չարաշահել են վարչական ռեսուրսը, և ՀՔԾ-ն հրաժարվել է այդ առիթով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցել: Խոսքը Միսկարյանի այն գրառման մասին է, ըստ որի՝ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի:

Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը: Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ Վանեցյանի հարցազրույցներից պարզ է եղել, որ նա տեղյակ է եղել քաղաքացուն ուղղված ծանուցման բովանդակությունից: Փաստաբանն ասաց՝ միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլևս չանի: Հակոբյանը պնդեց, որ քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել:

Քննիչն առարկեց բողոքաբերի բերած հիմնավորումների դեմ, ասաց՝ հաղորդում ներկայացրած անձինք խնդրել են իրավական գնահատականի արժանացնել Արթուր Վանեցյանի և նրա ներկայացուցչի գործողությունները. «Ես գրության հեղինակին` պարոն Ենգիբարյանին, որը հանդիսանում է ԱԱԾ տնօրենի խորհրդականը, հրավիրել եմ ՀՔԾ և բացատրություն ստացել գրառման վերաբերյալ ծանուցում ուղարկելու շուրջ: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ: Եթե սովորական քաղաքացին է վառելիքի ներկրմամբ զբաղվում, դա պարսավելի չէ, բայց երբ պետական պաշտոնյան է իրականացնում նման ձեռնարկատիրական գործունեություն, ապա օրենսդրորեն կան սահմանափակումներ»:

Քննիչի խոսքով՝ որևէ խախտում կամ հանցագործություն չկա այն բանում, որ կառույցի անունից է ծանուցում ստացել քաղաքացին և ոչ թե անձից: «Կառույցի բարի համբավն արատավորելը կանխելու համար է կատարվել»,- ասաց քննիչը: Անդրադառնալով պնդումներին, որ ԱԱԾ տնօրենն անգամ բացատրություն չի տվել, քննիչն ասաց՝ դա եղել է իր որոշումը, քանի որ ԱԱԾ տնօրենի խորհրդականի պարզաբանումները բավարար են եղել և Արթուր Վանեցյանին ՀՔԾ հրավիրելու անհրաժեշտություն չի եղել:

Նա նաև պնդեց, որ ԱԱԾ-ի ծանուցումը չի կարող վախի մթնոլորտ ստեղծել կամ քաղաքացուն ճնշելու փորձ դիտարկվել: Դատախազը միացավ քննիչի միջնորդությանը, ասաց՝ Միսկարյանի գրառումը ոտնձգություն է եղել ԱԱԾ-ի հեղինակության դեմ, և այստեղ հանցակազմ չկա: Դատավոր Ֆարխոյանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին ժամը 16.30-ին: Այդ օրը դատարան կհրավիրվի ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Նշենք նաև, որ նույն հարցի վերաբերյալ Արթուր Սաքունցի բողոքն էլ մակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Գագիկ Պողոսյանին:
factor.am

Այս Բաժնից