Search
Close this search box.

«Սա հայ ժողովրդին պատերազմից հեռու պահելու քայլերից մեկն է». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի 29-ը նոր իշխանությունների համար ամենակարևոր օրերից մեկն է լինելու պատմության մեջ: Փաստացի՝ Հայաստանի նոր իշխանություններն առաջին անգամ պետք է երկրի ղեկավարի մասշտաբով պաշտոնական հանդիպում ունենան թշնամի պետության ղեկավարի հետ ու պետք է քննարկեն հայ ժողովրդի վերջին տարիների հիմնական խնդիրը: Սա, իհարկե, առավել կարևոր է ցանկացած մեկ այլ գործողությունից, որն իրականացվել է Հայաստանում, քանի որ սա հայ ժողովրդին պատերազմից հեռու պահելու քայլերից մեկն է: Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքը տվյալ պահին գործ ունի ոչ թե կիրթ, այլ անկանխատեսելի, մարդկանց կյանքերի վրա թքած ունեցող հակառակորդի հետ, ով ցանկացած պահի կարող է խախտել իր պայմանավորվածությունը, ով թքած ունի պետական կառույցների և դրանց կողմից կատարված հայտարարությունների վրա: Բայց անկախ ամեն ինչից, անկախ այդ մարդու տեսակից, անկախ մեր երկրի ներսում կատարվող ինչ-որ մանկամիտ քաղաքական քայլերից, Փաշինյանը պետք է նաև գիտակցի, որ ինքը մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ է: Որ ինքը խոսում է ոչ թե սպիտակների կամ սևերի, ոչ թե հրապարակում հավաքածների կամ խաշ ուտողների, այլ հայ ժողովրդի անունից: Ի վերջո, եթե վաղը պատերազմ սկսվի, աստված հեռու պահի, կռվի գնացող զորքին չենք սկսելու սորտերի բաժանել: Գնալու են բոլորը՝ առանց ձեր տարբերանշումների: Միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ, հատկապես երբ հանդիպումն Իլհամ Ալևի հետ է, Հայաստանն ամբողջությամբ պետք է աջակցի երկրի ղեկավարին, անկախ նրանից, թե այդ պահին ով է ղեկավարում երկիրն ու անձնական և քաղաքական ինչ հակադրություններ կան միմյանց միջև: Թուրքի գյուլլեն քաղաքականություն չի հարցնում»: