Search
Close this search box.

Հնարավորությունների պատուհան, որ կարող ես բացել հենց   դու

30 000 դոնոր` 30 000 մարդ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել իր ցողունային բջիջները եւ փրկօղակ  դառնալ իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող, ծանր հիվանդության հետ բախված  մարդու համար, որն իր օգնության կարիքն ունի: Արդեն 20 տարի է Հայաստանում գործում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը, որը հարթակ է հանդիսանում եւ  կապ է ապահովում օգնության կարիք եւ օգնելու պատրաստ մարդկանց միջեւ:

Հարցազրույցի օրը հայկական ռեեստրի սպասասրահում երկու քույրերի ենք հանդիպում: Ցանկանում են տիպավորել արյունն ու հասկանալ, արդյոք կարող են դոնոր դառնալ արյան ծանր հիվանդության դեմ  պայքարող եղբոր համար: «Հավանականությունը, որ ընտանիքի անդամները գենետիկորեն նման կլինեն եւ կկարողանան դոնոր դառնալ այնքան էլ  մեծ չէ, բայց մի հուսահատվեք, մեր համակարգում հազարավոր դոնորագրված անձիք կան, որոնցից մեկը գուցե եւ կկարողանա օգնել ձեր եղբորը» ,- հուսադրում է ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը: Քույրերը գնում են արյան նմուշ հանձնելու, բժիշկը զրույցը մեզ հետ է շարունակում:

«Ի՞նչ է անում ոսկարծուծի ռեեստրը: Մարդն  իր օգանիզմում ունի 100 միլիոնի չափով ցողունային բջիջներ, որից կյանքի ընթացքում օգտագործվում է հինգից տասը տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն,  պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ արտաքնապես իրար շատ նման լինելով՝  տարբեր են գենետիկորեն, ցողունային բջիջները ընդունվում են  միայն այն դեպքում, երբ դոնորը եւ հիվանդը գենետիկորեն նման են: Մեր կազմակերպության առաքելությունը կայանում է նրանում, որ մենք կազմակերպում ենք հիվանդի և դոնորի հանդիպումը»,- պատմում է Միհրան Նազարեթյանը ու ցույց տալիս լաբորատորիաները, որտեղ կատարվում է արյան տիպավորումը: Զրույցին միանում է նաեւ Հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:

«Հայերը եզակի են նրանով, որ կարող են ինչ- որ մեկին փրկել եւ դրա դիմաց ոչինչ չակնկալել: Դա գեն է, որ գուցե քնել է եւ պետք է արթնացնել: Դա երկկողմանի կարեւոր է , ոչ ոք չգիտի վաղը ի՞նչ է սպասվում իրեն, արդյոք իր դուռը հիվանդությունը կթակի, թե՝ ոչ , դրա համար պետք է պատրաստ լինել՝ գիտակցելով, որ դա անում ես քեզ համար, դիմացինի համար, անում ես քո երեխաների, քո ապագայի համար: Եթե մենք ուզում ենք հարատեւել պետք է ունենանք առողջ սերունդ եւ, եթե որպես մարդ դու կարող ես օգնության ձեռք մեկնել, այդ ձեռքը պետք է մեկնես»,- ասում է նա:

Ի՞նչ է պետք ցողունային բջիջների դոնոր դառնալու համար՝ հետաքրքրվում ենք:

«Առաջին հերթին պետք է  պատրաստակամություն եւ արված գործի կարեւորության գիտակցություն: Մնացածը բարդություն չի ներկայացնում»,- ժպտում է Միհրան Նազարեթյանը: Դոնորագրումը մի քանի րոպե է տեւում: Լրացվում է դոնորագրվել ցանկացող մարդու անձնական տվյալները, հետո շատ քիչ քանակությամբ՝ ընդամենը 3 մլ արյան նմուշ է վերցվում տիպավորման համար եւ մարդը  արզատ է: Արյան տիպավորումից հետո, նրա տվյալները ներբեռնվում են համակարգ: Այստեղ նա ներկայանում է ոչ թե անուն ազգանունով, այլ համարով: Գուցե տարիներ հետո հայտնվի նրա գենետիկական կեսը, որը օգնության կարիք ունի եւ նա հնարավորություն ստանա մարդու կյանք փրկել ,  գուցեեւ՝ ոչ:

«Մարդկությունը առաջացել է մեկ արմատից, այդ իսկ պատաճառով էլ, որքան էլ մենք տարբեր լինենք իրարից գենետիկական պատկերը, երբեմն  կարող է պատահաբար համընկնել: Չկա հայկական, թուրքական, պարսկական, արաբական կամ այլ ազգերի գեն: Կա հավանականություն, որ մարդկանց մոտ որոշակի գեներ ավելի հաճախ լինեն, քան մյուսների մոտ: Գենետիկական նմանություն ունեցող մարդուն գտնելու հավանականությունը ավելանում է, եթե թե դոնորը , թե հիվանդը նույն ազգի են: Ավելի հավանական է նաեւ, որ մենք նման համատեղելիություն կգտնենք հրեաների, արաբների պարսիկների համար, քան, օրինակ, չինացու»,- պատմում է Միհրան Նազարեթյանը:

Այսօր հայկական ռեեստրում  30 000 մարդ է դոնորագրված: Դա փոքր թիվ չէ, եթե հատկապես համեմատության մեջ դիտարկենք: Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դոնորագրված մարդկանց թիվը չի գերազանցում 37 000-ը: Սակայն, այդ թիվը անընդհատ ավելացնելու անհրաժեշտություն կա: Միայն այդպես  հնարավոր կլինի մեծացնել դոնոր գտնելու հավանականությունը: Մինչ այսօր Հայաստանից 32 մարդ է նվիրաբերել իր ցողունային բջիջները:

«Եթե հիվանդի եւ դոնորի գենետիկական տվյալները համընկնում են, դոնորը լիարժեք հետազոտություն է անցնում: Եթե մի փոքր անգամ կասկած կա, որ պրոցեդուրան կարող է վնասել դոնորի առողջությանը, մենք դադարեցնում ենք գործընթացը: Վստահաբար կարող ենք ասել, որ դոնորի համար ցողունային բջիջների առանձնացումը բացարձակ անվնաս գործառույթ է: Դոնորի առողջության հաշվին հիվանդի առողջությունը բարելավելու միտում չկա: ԱՄՆ-ում 30 հազար փոխպատվաստում է արվում եւ, եթե հանկարծ նրանցից որեւէ մեկը առողջական խնդիր ունենա ամբողջ օրը դատերի մեջ կլիներ նրանց ռեեստրը»,- ընդգծում է Սեւակ Ավագյանը:

Ցողունային բջիջների առանձնացման համար, ի դեպ, արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլեւս չկա: Բարերարների շնորհիվ ռեեստրը  ձեռք է բերել սարքավորում, որը թույլ է տալիս պրոցեդուրան կատարել տեղում:

Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: Գործընթացը տևում է 3-ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ունենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն՝ մտքում ունենալով մի պարզ ճշմարտություն, կարողացել է փրկել մարդու կյանք, չկորցնելով ոչինչ:

[smartslider3 slider=283]