Search
Close this search box.

Եթե չեմ սխալվում, ռեկտորների մասին խոսքերը Ձեզ են պատկանում. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, եթե չեմ սխալվում, ձեզ են պատկանում խոսքերը, որ մեզ պետք չեն ռեկտորներ, ովքեր դուռ են փակում ուսանողների առաջ: Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետին, ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ իր մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ-ում ռեկոտրների, բուհերի այլ ղեկավարների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ փակելու կամ բացելու մեջ է, արդյո՞ք չկան ռեկտորների աշխատանքը գնահատելու չափանիշներ, թե աշխատանքին գնահատական պետք է տալ, թե որքանով են նրանք մասնակցել հեղափոխությանը: Պետրոսյանը նշեց, որ որևէ ռեկտորի չի պաշտպանում, առավել ևս մոմ չի վառել ԵՊՀ ռեկտորի նկարի տակ, անձնական խնդիր չկա, խոսքը վերաբերում է երևույթին. «Կրթության ոլորտն այն ոլորտն է, որտեղ առավելագույնս զգույշ պետք է մոտենանք պաշտոնական անձանց աշխատանքին գնահատական տալուն»:

Փաշինյանը նշեց, որ պետք է գնահատական տալ այն իրավիճակին, որը կա բուհական համակարգում. «Մենք պետք է խոստովանենք, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին և մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առաջ: Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողություն: Դռների բաց կամ փակ պահելը շատ կարևոր բանի նշան է, որովհետև բուհական համակարգը բոլոր երկրներում առաջադիմության կարևոր օջախներ են: Հայաստանում հակառակ պրոցեսի դերակատարումն են ունեցել, դրանք եղել են իշխանության ձեռքում բութ գործիք՝ այդ թվում ուսանողության շրջանում որևէ ստեղծարար նախաձեռնոություն խեղդելու, բուհերն ավտորիտար, կուսակցական համակարգի մաս դարձնելու և բուհերի ուսանողների սոցիալական անպաշտպան վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար»:

Վարչապետը հայտարարեց, որ օրինակ ԵՊՀ-ն գումարներ է փոխանցել երիտասարդական հիմնադրամին, որը եղել է ՀՀԿ-ի հսկողության տակ, որն ուսանողներին օգնություն է տվել ըստ նրա, թե ինչ վերաբերմունք ունի վերջինս ՀՀԿ-ի նկատմամբ. «Այս հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ-ի դռները բացելով, այդ դռները պետք է բաց մնան: Այն ռեկտորը, որը փակ է պահում դռները չափահաս մարդու առաջ, անելիք չունի ՀՀ-ում: Ոնց ուզում եք գնահատեք: Այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերն ու գնան իրենց գործով զբաղվեն: Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելն այլ առաքելություն է: Սա ասում եմ որպես քաղաքական դիրքորոշում: Կառավարությունն ունի օրինական լծակներ ու չի օգտագործի ապօրինի լծակներ»:

Իր արձագանքում Պետրոսյանը տարակուսանք հայտնեց՝ եթե այդպես է, ինչ իրավունք ունի Հայաստանում պատգամավոր լինել մի մարդ, ով իր գրած ելույթը չի կարողանում կարդալ, կամ ինչ իրավունք ունի մարդը լինել մարզպետ, եթե կոկորդիլոսը թռչունից չի տարբերում. «Ի՞նչ իրավունք ունի մի մարդ լինել ՊՎԾ ղեկավար, եթե խախտում է էթիկայի վարքագծի կանոնները, իսկ երբ հարցնում են, թե չի վախենում արդյո՞ք ձերբակալվելուց, պատասխանում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Եթե այդ ուղղությամբ ենք գնում, ուշադրություն դարձրեք հավասարությունը պահելու վրա»:

Փաշինյանը նշեց, որ կիսում է մտահագությունները. «Եթե համոզված եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշով կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ ձեր առաջ»։