Search
Close this search box.

Ինչո՞ւ է վարչապետը Նաիրա Զոհրաբյանի հարցը անպատասխան թողնում. որոշել էր ինտրիգը երկա՞ր պահել

Մեր կառավարությունը հերթական անգամ աչքի է ընկել փնթի աշխատելաոճով։
Այսօր, ժամը 11.20-ի սահմաններում, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վարչապետից՝ առաջիկայում Իլհամ Ալիևի հետ հանդիպումը օրակարգ ունի։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ինքը հայտարարություն չի անի, որովհետև նրանք պետք է բոլոր կողմերից հաստատումը ստանան։
«Այս ժամերին պետք է պարզ լինի՝ հանդիպումը տեղի է ունենում, թե ոչ, մենք մեր համաձայնությունը տվել ենք»,-ասել է վարչապետը։
Ուշագրավ է, որ նրա հայտարարությունից մոտ 20 րոպե առաջ՝ ժամը 11.00-ի սահմաններում, կառավարության լրատվական ծառայությունը արդեն հաղորդագրություն է տարածում վարչապետի Ալիեւի հետ հանդիպման մասին։ Պարզ է, որ լրատվական ծառայությունը հաղորդագրությունը տարածել են համանախագահների հաստատումը ստանալուց հետո, բնականաբար այդ մասին առաջինը իմացել է Փաշինյանը։ Ենթադրելի է նաեւ, որ համանախագահների հաստատումը եղել է երեկ, քանի որ երբ մեր կառավարության լրատվականը 11.00-ին հաղորդագրություն էր տարածում, Եվրոպայում ընդամենը ժամը 8.00-ն էր, ԱՄՆ-ում՝ 03.00 եւ համանախագհների դարդը չէր կտրել քնաթաթախ հաստատել հանդիպումը։
Հետեւաբար՝ հաստատումը եղել է երեկ. այդ մասին իմացել է վարչապետը, հարց է առաջանում՝ ինչու է վարչապետը Զոհրաբյանի հարցը անպատասխան թողնում, ինչու չի հայտարարում հանդիպման մասին։ Գուցե նա որոշել էր ինտրիգը երկար պահել, սակայն մոռացել էր այդ մասին զգուշացնել իր լրատվական ծառայությանը։ Ավելի ուշ, ըստ ամենայնի տեղեկանալով, որ արդեն հաղորդագրություն է տարածվել, Փաշինյանը հայտարարում է, որ Վիեննա այցը հաստատվել է։