Search
Close this search box.

«Հարկավոր է Նազարբաևի անունն անմահացնել». Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է Աստանան անվանափոխել Նուրսուլթան

Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է մայրաքաղաք Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, հայտնում է tengrinews.kz կայքը:

«Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: Կցանկանայի հավելել, որ այս առաջարկն արդեն արվել էր Ղազախստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ օրենսդիրների կողմից 2016թ. նոյեմբերի 23-ին ընդունված հռչակագրում»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել է Տոկաևը:

Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը:

Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:

Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: