Search
Close this search box.

Մտահոգիչ է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում. Իվետա Տոնոյան

«ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի մասին այն է, որ որևէ հարց՝ Արցախի ճանակատագրի հետ կապված, չի կարող լուծվել առանց Արցախի ու Արցախի ժողովրդի մասնակցության»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն բազմիցս հնչեցրել է գնահատականներ և առաջիկայում էլ կհնչեցնի»,- հավելեց նա:

Ըստ Տոնոյանի՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաշունչ, կոնկրետ ուժի կիրառման դիրքերից հանդես գալու հայտարարությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված զիջումներն անընդունելի են:

«Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դա Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Մեր կուսակցությունը բազմիցս իր դիրքորոշումը հնչեցրել է, և այս դեպքում միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Մեր ԱԳՆ կողմից ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու խնդիր կա, քանի որ պոստ ֆակտում նախօրեին Ադրբեջանի կողմից հայտարարությունը մեծ ոգևորությամբ ընդունելը տարակուսանքի տեղիք է տալիս»,- ասաց նա: