Search
Close this search box.

Հանրային հեռուստաընկերության չարաշահումների գործով հարցաքննվել է Մարգարիտա Գրիգորյանը. ՔԿ-ն չի հերքում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՀ հանրային հեռուստաընկերության չարաշահումների գործով հարցաքննվել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Ի պատասխան մեր հարցին` ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը նշեց. «Հարցաքննվել են մի շարք անձինք»:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է 2018թ. հուլիսին, գործը գտնվում է նախաքննության փուլում եւ ինչպես հաղորդում է ՔԿ-ն, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:

Ըստ դատախազության, ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունը դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ և 325-րդ հոդվածի 2-րդ մասերով: Գործի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեին: