Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից Է. Ա. Միրզոյան

Հայաստանը Ռուսաստանին համարել և համարում է իր ռազմավարական գործընկերը: Մեր հարաբերությունների հետագա ամրապնդումն ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Այս հայեցակարգը, ըստ նրա, արտացոլված է նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում:

«Հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտներից է խաղաղության և կայունության ապահովումն աշխարհում՝ ընդհանրապես և Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ մասնավորապես: Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելուն և ողջունում ենք մեր մոլորակում կայուն խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնությունները: Այս առումով օրինակ կարող է լինել մեր մասնագետների խմբի գործուղումը Սիրիա: Հայկական հումանիտար առաքելությունը ծառայում է բացառապես խաղաղության և կայունության նպատակներին հասնելուն՝ սիրիացի ժողովրդին օգնելով վերականգնել կենսագործունեությունը հակամարտությունից տուժած շրջաններում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերոնշյալ մարդասիրական բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են Սումգայիթի կոտորածի զոհերին, որը տեղի ունեցավ ավելի քան 30 տարի առաջ՝ սկիզբ դնելով հայերի էթնիկ զտումների լայնածավալ քաղաքականության: Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Մանրամասները՝ տեսանյութում: