Search
Close this search box.

Սասունի մանվելացման դեմ

ԵԿՄ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, նշել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:

Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ է արել համախմբվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Սասուն Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նման վստահության իրեն արժանացնելու համար:

ԵԿՄ դերն ու նշանակությունը մեր պետության և հասարակության կյանքում երբեք գերագնահատված չյի եղել՝ այն իսկապես բացառիկ կարևոր նշանակություն է ունեցել արցախյան ազատամարտում, որովհտև ԵԿՄ-ում հավաքված են այդ ազատամարտի լեգենդար ներկայացուցիչները։ ԵԿՄ-ն իսկապես դժվարին, կարելի է ասել ճգնաժամային օրեր է ապրում։ ԵԿՄ նոր նախագահին, ինչպես նաև Սասուն Միքայելյանին վստահության քվե տվող երկրապահներին ծանր ընտրություն է սպասվում։ Այս նույն Երկրապահները կարճ ժամանակ անց միահամուռ ԵԿՄ նախագահ են ընտրել Մանվել Գրիգորյանին, հիմա ընտրելու են Սասուն Միքայելյանին։ Մանվել Գրիգորյանը Արցախյան ազատամարտում կարևոր դերակատարում էր ունեցել, և սա վիճալու փաստ չէ։ Բայց Մանվել Գրիգորյանը գնալով ավելի ու ավելի քիչ էր ընկալվում որպես հերոս, նրա կերպարը ավելի շատ ասոցացվում էր որպես Էջմիածնի ու Արմավիրի բռնապետ։ Դե իսկ տուշոնկաների վերջին պատմությունը հիմնովին քարուքանդ արեց հերոսի կերպարը։

Սասուն Միքայելյանն իր անցած մարտական ուղիով անշուշտ արժանի է ԵԿՄ կառույցը ղեկավարելու։ Ուզենք, թե չուզենք՝ ԵԿՄ ղեկավարը նաև քաղաքական կարևորագույն դիրք է։ Այս տեսանկյունից ևս, հաշվի առնելով այն կարևոր դերակատարումը, որ սասուն Միքայելյանն ունեցել է թավշյա հեղափոխությոն ժամանակ, նրա թեկնածությունն արդարացված է։ Նիկոլ Փաշինյանը թերևս պետք է ինչ-որ կերպ գնահատեր Սասուն Միքայելյանի քաղաքական ներդրումը հեղափոխության մեջ, և ԵԿՄ նախագահի դիրքն արժանի փոխհատուցում է, եթե իհարկե, Հրազդանի քաղաքապետի պաշտոնը, որ վստահվեց Սասունի Միքայելյանի որդուն, դիտարկենք որպես բոնուս։

Երկրապահի լրջագույն փորձությունը սկսվելու է Սասուն Միքայելյանի ընտրությունից հետո։ Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա ԵԿՄ-ի հետ, եթե հանկարծ Սասունը գնա մանվելացման ճանապարհով, և մենք հանկարծ ու հանկարծ կարճ ժամանակ անց ԵԿՄ ղեկավարի պոստում սիրելի ու ժողովրդական կամանդիրի մեջ տեսնենք մանվելիզմի ճանապարհը բռնած Սասունին, մի մարդու, ով Մանվելի պես դարձել է մարզային բդեշխ ու կեղեքիչ, բռնակալ ու տիրակալ։ Իհարկե, բոլոր հարցերի պատասխանը տալու է ժամանակը, բայց Սասունի մանվելացման նախադրյալներն արդեն կան, և այդ մասին առայժմ խոսում են շշուկով։

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Արցախի բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրաժարականը, ինչպես հայտնի է, կապվում էր Սասուն Միքայելյանի հասցեին հնչեցված քննադատության հետ։ Մնացականյանը, ով հայտնի է որպես հմուտ հրամանատար, քննադատել էր Սասուն Միքայելյանին այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր իրադարձություն էր, քան Արցախյան ազատամարտը։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղղված կոչը՝ կարգի հրավիրել Արցախի գեներալներին։ Սասուն Միքայելյանը կարող էր իր մարտական ընկերոջ հետ այլ կերպ լեզու գտնել՝ բանը չհասցնելով հրաժարականի, բայց նա առաջնորդվեց քաղաքական առաջնահերթություններով, և հարցին լուծում տրվեց Մնացականյանի հեռացմամբ։ ԵԿՄ նախագահ դառնալուց առաջ սա առնվազն տհաճ նախադեպ է, մնացածն արդեն ցույց կտա ժամանակը։