Մինչև հիմա չեն դադարում խոսակցությունները Երևանի Հանրապետության հրապարակում այս տարի տեղադրված թանկարժեք տոնածառի (տարբեր տվյալների համաձայն տոնածառի գնման,տեղադրման և զարդարանքի վրա ծախսվել է 71-85 միլիոն դրամ) վերաբերյալ:
Բացի այդ,պետք է արձանագրենք,որ Հայաստանի մայրաքաղաքը “հնաոճ” և շատ աղքատ է զարդարված:
Այս ամենի վերաբերյալ սոցցանցերի մեր օգտատերերի մեծ մասը և իշխանության մեջ գտնվող ոմանք մեկ բացատրություն ունեն՝Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է և ի վիճակի չէ նույիսկ մրցակցել այս ոլորտում հարևան Ադրբեջանի և Վրաստանի հետ: Այսինքն՝փող չկա: Այս պատճառաբանությամբ էլ վերջիններս “ինդուլգենցիա” են տալիս նրանց,ովքեր մեր մայրաքաղաքը “գեղի գլամուր” և ասկետիկ ոճով են ձևավորել:
Սակայն “փող չկա” պատճառաբանությունը,եթե կարելի է կիրառել Հայաստանի նկատմամբ, ապա դա այդպես չէ ՀՀ մայրաքաղաքի վերաբերյալ:
2017 թ-ի դրությամբ Հայաստանի 1 միլիոն 75 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Երևանը Հարավային Կովկասի ամենահարուստ մայրաքաղաքն էր՝ 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամ՝մոտ 174 միլիոն դոլար: 2,1 միլիոն բնակչություն ունեցող Բաքվի բյուջեն կազմում է 123 միլիոն դոլարից մի փոքր ավել է: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին (1,1 միլիոն բնակչություն), որի ճոխ և ճաշակով ամանորյա արդուզարդարանքի և տոնածառի լուսանկարներն այսօր ցնցեցին ամբողջ հայաստանյան հասարակությանը իր բյուջեով զիջում է Երևանին,բայց մի քանի հարյուր հազար դոլարով ավել է Բաքվին հատկացվող տարեկան գումարից՝կազմելով 124 միլիոն դոլար: Այսինքն,գումար կա: Ավելին՝շատ կա:
Հիմա հարց: Եթե մեր մայրաքաղաքը իր գեղեցիկ և ճոխ արդուզարդարանքով զիջում է և՛ Թբիլիսիին,և՛ Բաքվին,ապա ու՞ր են գնում մեր գումարները:
Չինովնիկներին հարկատուների հաշվին անգլերեն սովորեցնելու և բազմաթիվ վոյաժներ կազմակերպելու փոխարեն այդ գումարներից մի որոշ մասը լավ կլինի հատկացվի մի կարգին դիզայների վարձելու ու հարկատուներին իրական ՏՈՆ պարգևելու համար:
Իսկ մեզ մնում է այս տարի ևս զմայլվել ճաշակով և գեղեցիկ զարդարված օտարերկրյա քաղաքների լուսանկարներով:
Հ.Գ.Տեղադրում եմ մեր հարևան Վրաստանի մայրաքաղաքի մի քանի լուսանկարներ,որոնք,հաստատ,ձեր տրամադրությունը կբարձրացնեն: Շատ գեղեցիկ է:
Գագիկ Համբարյան