Search
Close this search box.

Պուտինի «լավությունը» Փաշինյանին. Գագիկ Համբարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը: Պատճառը՝ ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնությունն է: Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել, իսկ հետո նոր հավաքվել:

Հիշեցնեմ,որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ լուծում չստացավ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցը:  Իսկ հանդիպումից հետո պաշտոնական Մինսկը և Աստանան հայտարարեցին,որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ 2020 թ-ին այն լռանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնմում պետք է նշանակվի այբենական կարգով Հայաստանին հաջորդող Բելառուսի ներկայացոցիչը: Այդ ամենին հաջորդեց հայ-բելառուսական “լեզվակռիվը”, որի հանգուցալուծմանը բոլորը սպասում էին դեկտեմբերի 6-ին: Սակայն այժմ էլ պարզվեց, որ այն կրկին հետաձգվում է:

Դեռ նոյեմբերի 7-ին “Ո՞վ կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Մոսկվան կարող է նախընտրել “ոչ ոքի” տարբերակը” վերլուծության մեջ ես կանխատեսել էի, որ Պուտինը կնախընտրի “ոչ ոքի” տարբերակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնախընտրի տեսնել ՌԴ-ի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովին: Այդպիսով,Պուտինը մի քանի քայլից բաղկացած կոմբինացիա կատարեց…Նախ, Խաչատուրովի հետ կապված Մոսկվայի հետ “չհամաձայնեցված” քայլի համար “պատժեց” Երևանին՝ չկատարելով Փաշինյանի ցանկությունը, որ Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թ-ը ղեկավարի կառույցը: Ցույց տվեց նույն Փաշինյանին, որ թույլ չի տա Բելառուսին և Ղազախստանին առաջ տանեն հակահայկական իրենց ծրագիրը:  Եվ այս պատմության մեջ ամենակարևորը՝ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ “լավություն” արեց Փաշինյանին և չեղարկեց Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նոր սկանդալից և հակահայկական որոշումներից խուսափելու նպատակով, որոնք կարող էին ազդել Փաշինյանի ղեկավարած “ՔՊ”-ի վարկանիշի վրա:
Չի բացառվում, որ այս ռազմադիվանագիտական խաղում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը մեկ սցենարով էին գնում և ամեն մեկն իր դերը կատարելով՝ Բելառուսը և Ղազախստանը “չուզողների”, իսկ ՌԴ-ն էլ “հաշտարարի” հասան նրան, որ Խաչատուրովի փոխարեն “թավշյա” Հայաստանի առաջարկված թեկնածուն չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հիշեցնեմ, որ Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան ԶԼՆ-ները Փաշինյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետ կանչելը մեկնաբանեցին որպես Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ն խայտառակելու Արևմուտքի պատվերը կատարելու քայլ:

Հ.Գ.Հետաքրքիր է,իսկ որքա՞ն է իր “լավությունը” գնահատելու Պուտինը…