Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի մասին. ով է հոկտեմբերի 27-ի առանցքում

Մեր Սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր, ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որ կատարվել էր հոկտեմբերի 27-ին, եւ իրականում ինչ-որ մի բան վերեւից անարդարություն կար մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»,-ասաց պաշտպանության նախարարը։

Նշենք, որ «Եռաբլուր» զաինվորական պանթեոնում Դավիթ Տոնոյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ ծաղիկներ դրեց Վազգեն Սարգսյանի շիրիմին։

19 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:

Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանն ըստ պաշտոնական վարկածի՝ 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում:

Գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010թ-ի մայիսին՝ սրտի կաթվածից:

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով:

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:

Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը համարում է, որ գործը դեռ չի բացահայտվել։

«19 տարի անցել է, բայց գործը բացահայտված չէ: Ես ինքս ունեմ ենթադրություններ, համոզմունքներ, թե ինչու ու ինչպես եղավ «Հոկտեմբերի 27»-ը, բայց դատարանում ոչինչ չի բացահայտվել, այս պահին էլ «Հոկտեմբերի 27 »-ի գործը բացահայտելու ուղղությամբ ոչինչ չի արվում»,-Tert.am–ի հետ զրույցում ասաց Բախշյանը:

Նրա խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի՝ նոր իշխանությունների օրակարգում չլինելը պայմանավորված է նաև նրանով, որ այս պահին իշխանությունների օրակարգում «Մարտի 1»-ի գործի բացահայտումն է։

«Կարծում եմ՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտումով շատ բան է պայմանավորված: Նաև նույն մարդն է առանցքային դերում, հետևաբար պետությունը և այդ գործը, և մյուս գործը բացահայտել միաժամանակ չի կարող»,– ասաց նա: