Search
Close this search box.

Փորձառու դիվանագետ Բոլթոնի հայաստանյան այցն ու ամերիկյան անկեղծությամբ արված հայտարարությունը

ԱՄՆ նախագահի անվտանգության խորհրդական Բոլթոնի այցը տարածաշրջան և ՀՀ-ում արված նրա հայտարարությունները կարևոր են ոչ միայն ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների և անգամ ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։ Բոլթոնը ներկայացնում է Թրամփի կառավարությունը, որը կարծես թե հրաժարվել է դեռ 100 տարի առաջ Վուդրո Վիլսոնի կողմից նախանշած և մեկ դար անփոփոխ մնացած ԱՄՆ համաշխարհային առաքելության սկզբունքը։ Այդ ամերիկյան առաքելության մարդասիրական մարմնավորումն առաջին անգամ կիրառվեց հենց Հայաստանում՝ պատմության մեջ նախադեպը չունեցող բազմամյա հանգանակության տեսքով, որի շնորհիվ 1915-1925 թթ.հարյուր հազարավոր հայ որբ երեխաներ են փրկվել թրքական գերությունից, խնամվել ու կրթվել են ամերիկյան բարեգործական հաստատություններում,հետագայում կազմելով մասնատված, զավթված Հայաստանի կարևորագույն մարդկային ներուժը։ Փորձառու դիվանագետ Բոլթոնը բնականաբար գիտակցում է դա և հավանաբար ավելի լավ, քան նրա տեղացի զրուցակիցներից ոմանք։

Ուստի ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի հայաստանյան ուղերձներից առավել կարևոր մեզ թվում են երկուսը՝ քաղաքականը և ռազմականը։ Առաջինը պետք է որ խորը վրդովմունք և անհանգստություն առաջացներ ցանկացած երկրի պետական վերնախավում և քաղաքացիական հասարակության շրջանում, սակայն Հայաստանը ցավալի բացառություն է հանդիսանում այս առումով։ Խոսքս Բոլթոնի անգութ և ուղիղ ակնարկի մասին է՝ «տեսանելի դառնալ միջազգային ասպարեզում», ինչը դիվանագիտական լեզվից թարգմանվում է պարզապես որպես Ռուսաստանի գաղութային լուծը թոթափելու և ի վերջո անկախ երկիր դառնալու հորդոր։ Որպեսզի այս կոչը չխեղաթյուրվի և հասկանալի լինի, Բոլթոնը ամերիկյան անկեղծությամբ ու գործնականությամբ հավելեց, որ Հայաստանի արտահայտած ցանկության դեպքում ԱՄՆ կարող է տրամադրել մեզ շատ ավելի արդիական և հզոր ամերիկյան զենք, ռուսականի փոխարեն։ Սա թերևս ամենասենսացիոն և կարևոր հայտարարությունն է, որն ԱՄՆ որևե բարձրաստիճան պաշտոնյա արել է առնվազն 1993 թվից ի վեր, երբ Կոնգրեսը հատուկ #907 հավելվածով օրենք է ընդունել, որն առ այսօր արգելում է ամերիկյան զենքի վաճառքն Ադրբեջանին։ Փաստորեն, պաշտոնական Վաշինգթոնը ոչ միայն Թրամփի շնորհավորական նամակով հիշեցրել է Երևանին, որ Հայաստանի անկախությունը ոչ թե 27 այլ 100 տարեկան է, բացի դա էլ Բոլթոնի շուրթերով հասկացրել է, որ հենց ԱՄՆ, այլ ոչ թե Ռուսաստանն է երաշխավորում Հայաստանի անվտանգությունը ռազմական ասպարեզում։

Ավաղ, մեր աններելի ապերախտության և ԿԳԲ-ի բազմամյա քարոզի պատճառով հայության ճնշող մեծամասնությունը մոռացել է կամ չգիտի, որ 1992 թ. մայիսին և 1993 թ. սեպտեմբերին հենց ԱՄՆ Նախագահներ Բուշը և Քլինտոնը բեկանեցին և արգելեցին Թուրքիայի պատրաստվող հարձակումները ՀՀ վրա, մինչդեռ Մոսկվան երկու անգամ էլ չկարողացավ կամ չցանկացավ պաշտպանել իր «դաշնակցին»։ Հայության մեծամասնությունն առ այսօր սովետական, մոսկովյան աչքերով ու ականջներով է դիտում ու լսում աշխարհը, «մոռանալով», որ 100 տարի առաջ հենց ԱՄՆ-ը պահանջեցին և ստեղծեցին ՀՀ առաջին անկախ հանրապետությունը, և հենց Ռուսաստանը տապալեց, զավթեց ու բաժանեց այն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Ավելին՝ հայերը հավանաբար միակ ազգն են մարդկային պատմության մեջ, ովքեր մեկ դար շարունակ պաշտում ու գովաբանում են սեփական դահիճներին, միաժամանակ ուրանալով ու փնովելով իրական բարեկամներին։
Ամերիկացիներին բավական դժվար է հասկանալ նման անառողջ հոգեվիճակի պատճառները, ուստի Բոլթոնը հնարավորինս թափանցիկ կերպով ակնարկեց, որ Հայաստանին վաղուց արդեն պետք է դառնալ անկախ պետություն և որ դրա ռազմական երաշխիքները պետք է քննարկել ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ հետ։ Մեզ առայժմ հայտնի չէ, թե ինչպես է պատասխանել վարչապետ Փաշինյանը այդ հորդորին, սակայն դրա իրական ցուցիչն է լինելու ՀՀ զինախմբի վերադարձը Սիրիայից, իբրև անկախ պետություն դառնալու ճանապարհին կարևոր քայլ։ Կամ էլ պուծինյան արյունոտ արկածախնդրության մեր զինծառայողների մասնակցությունը շարունակվելու է,ինչը ԱՄՆ դիտելու է իբրև Հայաստանի հրաժարումը անկախությունից և դեպի քաղաքական անդունդ ընթացքի շարունակություն։ Վարկյանաչափը միացված է և ժամանակը խիստ սահմանափակ։

Տիգրան Խզմալյան