Search
Close this search box.

Ով է ստում` վարչապետը, թե Վահե Գրիգորյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի ընտրությունն անսպասելի ելք ունեցավ, ձայների 30 կողմ եւ 23 դեմ հարաբերակցությամբ Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ թեկնածու համարվող Գրիգորյանի շուրջ թվում էր, թե պետք է կոնսենսուս առաջանար, Փաշինյանի դաշնակից ուժերը քվեարկեին նրա օգտին, սակայն տեղի ունեցավ անսպասելին:

Ծառուկյան խմբակցությունը բավական պասիվ էր քվեարկության ժամանակ, ՀՅԴ-ն նույնպես, արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Խորհրդարանական երեք ուժերը մտածված տապալեցին Գրիգորյանի թեկնածությունը, թե վերջինիս անձը անընդունելի էր յուրաքանչյուրի համար առանձին-առանձին, դժվար է պնդումներ անելը: Փաստն այն է, որ պատգամավորներից շատերը խորհրդարանի շենքում էին, բայց չմասնակցեցին քվեարկությանը: Մինչ քվեարկությունը թեկնածուն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շարունակու՞մ է պնդել, թե Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, պատասխանեց. «Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է: Դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ», – ասաց Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. մարտին Վահե Գրիգորյանը անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանը՝ գրել էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին: Ինչպես գիտեք, քաղաքացիության մասին պետության օրենսդրությունը (կոնկրետ դեպքում՝ Միացյալ Թագավորության) ենթակա չէ մեկնաբանման այդ երկրից բացի որևէ այլ պետության պաշտոնյայի կամ մարմնի կողմից, քանի որ քաղաքացիության հարաբերությունները բացառապես սուվերեն կարգավորման առարկա են:

«Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքն ուժի մեջ է առ այսօր և ուժի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թեկնածուի կողմից բրիտանական քաղաքացություն ստանալու և դադարեցման պահին (ըստ վերջինիս մամուլին տրված պարզաբանումների): Համաձայն այդ օրենքի 12 հոդվածի կետ (2)-ի, անձի բրիտանական քաղաքացիությունը համարվում է դադարեցված այն պահից, երբ Միացյալ Թագավորության պետական քարտուղարը կատարում է քաղաքացիությունից հրաժարվող անձի՝ “Բրիտանական Քաղաքացիության մասին” 1981թ.-ի օրենքի 12 հոդվածի համաձայն ներկայացրած քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարության գրանցումը: Այս մասին, համաձայն բրիտանական օրենսդրության անձին անմիջապես պաշտոնապես ծանուցվում է՝ տրամադրելով համապատասխան փաստաթուղթ, որով նա տեղեկացվում է իր՝ բրիտանական քաղաքացիության դադարեցնելու հայտարարության պետական գրանցման մասին: Բայց ոչ, դուք չեք տեսնելու այդ փաստաթուղթը կամ որևէ փոխարինող ապացույց: Ձեզ նույնիսկ բանավոր չի պատասխանելու նման հարցի՝ պարոն Ա. Սարգսյանը: Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը հոգ կտանի, որպեսզի իր անձնական նպատակներով օգտագործվող թեկնածուն “ապացույցի” կարիք չզգա: ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության կողմից նրան կապահովեն տեղեկանքով», ներկայացրել էր Գրիգորյանը:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո հեղափոխության առաջնորդ Փաշշինյանը ցրեց Սարգսյանի լեգիտիմության միֆը՝ հայտարարելով, թե ինքը տեսել է այդ փաստաթուղթը եւ ամեն ինչ նորմալ է: Հիմա Վահե Գրիգորյանը փաստորեն Փաշինյանին սխալ է հանում եւ պնդում, որ նախագահը լեգիտիմության դեֆիցիտ ունի: Արդյոք այդ պնդում է ճակատագրական դարձել նրա ընտրության հարցում, թե հակահեղափոխությունը կրկին գլուխ է բարձրացրել՝ ի դեմս խորհրդարանական երեք ուժերի կոալիցիայի: