Search
Close this search box.

ԱԱԾ-ն առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ մանրամասներ կհրապարակի

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քննում են առավել աղմկոտ գործերը և գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց և խմբերի հետ: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին առաջիկայում կխոսենք: Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք: Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ինչպես է ձեռք բերել: Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Մենք ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Վանեցյանը:

Նա շեշտեց, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր:

«Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,- մանրամասնել է ԱԱԾ տնօրենը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ: «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով»,- ընդգծել է ԱԱԾ տնօրենը՝ շեշտելով, որ խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է: