Search
Close this search box.

Վանեցյանին դեռ չեն առաջադրել ՀՖՖ նախագահի ընտրություններում

armtimes.com-ը գրում է.

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնապես նախագահի թեկնածուների անուններ չունի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին մամուլի քարտուղարությունից: ՀՖՖ իրավաբանական անձանց միության անդամները դեռ չեն ներկայացրել իրենց թեկնածուներին, իսկ առաջադրման վերջնաժամկետը լրանում է 6 օրից: Նրանք դա կարող են անել մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ:

Թեեւ պաշտոնապես դեռ թեկնածուներ չկան, սակայն ֆուտբոլային աշխարհում վստահություն կա, որ կառույցի նոր նախագահը դառնալու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ֆուտբոլային շրջանակներում այս առիթով ոգեւորություն կան: Մասնավորապես՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող 9 ակումբները՝ «Փյունիկը», «Արարատ Արմենիան», «Լոռին», «Ալաշկերտը», «Արարատը», «Շիրակը», «Արցախը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը», ողջունել են նրա տարբերակը ու իրենց աջակցությունը հայտնել:

Ֆեդերացիան 2002 թվականից գլխավորող Ռուբեն Հայրապետյանը, որը նախկինում բազմիցս նշել է, որ միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում, նույնպես կողմ է Վանեցյանին: Նա հայտարարել է, որ, եթե Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի:

Վանեցյանը վերջին շրջանում հանդիպումներ է ունենում ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների հետ: Հաճախ ներկա է լինում խաղերին: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին: Այդ օրը թեկնածուները ներկայացնելու են ծրագրերը: Ժողովի ընթացքում նաեւ փոխվելու է ՀՖՖ կանոնադրությունը, այն համապատասխանեցվելու է հասարակական կազմակերպությունների մասին օրենքին, այսինքն՝ ՀՖՖ-ն իրավաբանական անձանց միությունից վերակազմավորվելու է ՀԿ-ի: