Search
Close this search box.

Էդուարդ Շարմազանովը համոզիչ չի համարում ՀՀ գլխավոր դատախազության պատճառաբանությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովըչի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը:

«Արմենպրես»–ի հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ գնալով իր մոտ ամրապնդվում է այն մտահոգությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ:

Անդրադառնալով  Գլխավոր դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդության մերժմանը, ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր:

«Կարծում եմ, որ գնալով այն մտահոգությունը և մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կալանավորումը ունի քաղաքական դրդապատճառներ և, ինչու չէ, նաև անձնական  վենդետայի  միտումներ, աստիճանաբար արմատավորվում է:

Եվ այսօր Գլխավոր դատախազության պատճառաբանությունը համոզիչ չէր: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի եղել և վերադարձել է Հայաստան և 46 պատգամավորի միջնորդությունը մերժելը անհասկանալի եմ համարում: Այն պատճառաբանությունները, որոնք ներկայացրել է Գլխավոր դատախազությունը, ինձ համար բավարար և հիմնավորված չեն»,- ասաց Շարմազանովը:

Հարցին` թե Հանրապետական կուսակցությունը ինչ քայլեր է ձեռնարկելու այս կապակցությամբ, Շարմազանովը պատասխանեց. «Նախ սպասենք Վերաքննիչ դատարանի որոշմանը, այնուհետև կքննարկենք հետագա մեր քայլերը»:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին:

Այս Բաժնից