Search
Close this search box.

Քայլ արեք՝ ժամ առաջ սայլը տեղից շարժելու. դատապարտյալներ

Ստեփան Գրիգորյանի և մի խումբ դատապարտյալների կողմից Armlife.am-ին ուղարկված հոդվածը հրապարակում ենք ստորև.

Կոռուպցիա, արդարադատություն, ցմահ դատապարտյալներ, նախկին ռեժիմի օրոք անարդարացի դատապարտվածներ, ցանկը կարելի է շարունակել։ Այս խնդիրները նոր Հայաստանում կարծես պիտի որ իր լուծումներն ունենան նոր կառավարության ճիշտ աշխատելաոճում։ Հատկապես՝ մեր ցմահ դատապարտվածներիս համար, հույս արթնացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով բարձրաձայնելով մեր խնդիրների մասին, մասնավորապես քրգործերի վերանայման պահով՝ նշեց, որ առաջիկա ժամանակներս այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն։ Նախկին նախարարներն էլ էին խոստումներ տալիս, բայց հետո արագ-արագ հիդս էին ցնդում։ Արդյունքում՝ խաբեցին մեզ։ Ա.Զեյնալյանի տեսակետը, ոգևորություն առաջացրեց անդունդի եզրին կանգնածներիս մեջ և սրտատրոփ սպասում էինք խելամիտ որոշումներին։ Սակայն տագնապ առաջացավ մեր մեջ, երբ հայտնի դարձավ նախարարի Երեւանի քաղաքապետի թեկնածու լինելը։ Փաստորեն, էլի մենք պիտի տուժենք։ Պարոն նախարար,դուք հույս ու հավատ էիք ներշնչել մեր մեջ և համարյա վստահ էինք, որ մեր անվերջ սպասումներն իրենց ավարտը կունենան։ Բայց, ժամանակը ցույց է տալիս, որ, կրկին դատապարտված ենք հավետ սպասման։ Դեմ չենք այլ ոլորտում Ձեր ուժերը ներդնելու համար, բայց մինչեւ գնալը՝ առաջիկայում լուծում տվեք գորդյան հանգույց դարձած մեր հարցին։ Համոզված եղեք՝ հազարավոր մարդկանց օրհնությունը կստանաք եւ պատմության մեջ կմնանք որպես սկզբունքային եւ ուժեղ նախարար։ Ժամանակը քիչ է՝ ապացուցեք, որ նոր Հայաստանի կառավարության խոստումները թղթի վրա չեն մնա ու զուտ բարձր վարկանիշի համար չեն ասվել։ Քայլ արեք՝ ժամ առաջ սայլը տեղից շարժելու։ Այլ իրողություն՝ սիրո ու համերաշխությամբ տոգորված Հայաստանում չի կարող լինել։

Ստեփան Գրիգորյան և մի խումբ դատապարտյալներ