Search
Close this search box.

Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողներն» անձեռնմխելի են. ՀՔԱՎ

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ-ի ու նրա խցակից Գ. Ա-ի միջև լարված հարաբերությունները 2017թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին:

Ներկայացնում ենք մեղադրական եզրակացությունից ուշագրավ հատվածներ:

Ինչպես նկատում ենք 2018թ. մայիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացությունից, դատապարտյալները մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ-ն Գ. Ա-ին մշտապես առաջարկել է զբաղվել թղթախաղով, սակայն մերժում է ստացել: Հերթական նման միջադեպն էլ վերաճել է վիճաբանության:

Ավելի վաղ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Գ. Ա-ն դիմել է ՔԿՀ ղեկավարությանը՝ այլ խուց տեղափոխվելու հարցով, սակայն ղեկավարության հորդորով խնդրել է կասեցնել դիմումի ընթացքը և ստիպված շարունակել է բնակվել Դ. Խ-ի հետ նույն խցում:

Վիճաբանության օրն էլ, մեղադրական եզրակացության համաձայն, առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել մինչև քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանի հայտնվելը: Վերջինս ՔԿՀ ծառայողներին հորդորել է հեռանալ՝ պնդելով, որ «ինքնուրույն կզբաղվի խնդրով»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ