Search
Close this search box.

ՀՔԾ պետը մանրամասներ է գաղտնազերծել Մարտի 1-ի 0038 հրամանից

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը անդրադարձել է 0038 հրամանին, որով 2018 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն է մտցվել Հայաստանում:

Այդ հրամանով հիմնավորվում է, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են զինված ուժերը: Այս հրամանը նախկինում քրեական գործում չի եղել մինչև այս տարվա հուլիս ամիսը: Այս հրամանն ինքնին մեղադրանքի շատ ամուր հիմք է: Այս հրամանը վկայում է, որ ԶՈւ-ն ներգրաված է եղել մարտի 1-ի իրադարձություններին: Ընդ որում, հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին:

Փաստաթղթով հրամայվում է՝ԶՈւ ողջ կազմը փետրվարի 23-ին ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի, առանձին սպայական խմբերի զինել տաբելային զենքերով, իսկ կազմակերպման պարտականությունը դրվել է Յուրի Խաչատուրովի վրա:

Խաչատրյանը նշել է, որ պետական պաշտոնյաներից կեղծ փաստաթղթեր են ստացվել, որ
ՊՆ մեքենաները տրվել են իբր ոստիկանության զորքերի ծառայողներին տեղափոխելու համար:

0038 հրամանի 3-րդ կետում նշված է՝ ՀՀ ՊՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների ու զորամասերի հրամանատարներին ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով՝ 100-ական հոգի և զինել հրաձգային զենքերով: Այդ հրամանի 10-րդ կետով նախատեսված է նշված ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով, պայմանգրային ու շարքային զինծառայողներով: