Search
Close this search box.

Արյունաբանական կենտրոնում պլազմայի 43 փաթեթ է հալվել

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի սառցարանում պլազմայի 43 փաթեթ է հալվել, ընդ որում պլազման չի կորսվել, պնդում է Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Շամիլյանը. այն փոխանցվել է իմունագլոբուլինային շիճուկի պատրաստման համար, որն օգտագործվում է արյան խումբը որոշելու համար:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Շամիլյանը հաղորդել է, որ Հայաստանում իսկապես արյան դեֆիցիտ է նկատվում, բայց դա չի վերաբերում պլազմային, որի պաշարները վերջին շրջանում միայն աճում են, քանի որ տեխնոլոգիաների զարգացման պատճառով այն այլեւս մեծ պահանջարկ չունի:

Նա պարզաբանեց, որ արյունը հավաքելուց հետո բաժանվում է 3 բաղադրիչի. էրիթրոցիտների զանգված, թրոմբոցիտների զանգված եւ պլազմա: Ամենամեծ պահանջարկն ունի էրիթրոցիտների զանգվածը. այս բաղադրիչի դեֆիցիտն իսկապես կա: Ընդ որում այս 3 բաղադրիչները պահվում են տարբեր ջերմաստիճանային ռեժիմներում: Սառցարանում՝ -24-ի պայմաններում պահվում է պլազման:

Անդրանիկ Շամիլյանի խոսքով, ներկայումս Արյունաբանական կենտրոնի բոլոր սառցարանները գերլեցուն են պլազմայով. բացի իրենց պլազմայից նրանք պահում են նաեւ ողջ հանրապետության արյան հավաքման կենտրոններից բերվող պլազման: Եվ հենց այդ պատճառով, հավելել է նա, նրանց մի մասը հալվել է, քանի որ չափից ավել լցված սառցարանում սառը օդի անհրաժեշտ շրջապտույտ չի կատարվում:

Բաժանմունքի ղեկավարը հավաստիացրեց, որ էլեկտրաէներգիայի անջատում չի եղել: «Էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ այնպիսի ազդանշան է միանում, որ այն չլսելն անհնար է», – ասաց նա:

Անդրանիկ Շամիլյանը ավելացրեց, որ այժմ կենտրոնի տրամադրության տակ գտնվող սառցարանները կենցաղային են, այնինչ վատ չէր լինի պլազմայի համար -30 աստիճան ջերմաստիճանային ռեժիմով հատուկ սառցարաններ ունենալ: Ըստ նրա, Կենտրոնի նոր ղեկավարությունը մտադիր է պատվիրել նման հատուկ սառցարաններ:

Նա հավելեց, որ պլազմայի պահման հարցը վերջերս ողջ աշխարհի համար արդիական է դարձել: Զարգացած երկրներում պլազման օգտագործվում է արյան մակարդելիության գործոնների արտադրության համար:

«Մենք նույնպես մտածում ենք այդ ուղղությամբ: Դա կապված է մեծ ծախսերի հետ, սակայն դա լուծման ճիշտ ուղի է: Հակառակ դեպքում, մի քանի տարի անց մենք պետք է ոչնչացնենք ժամկետանց պլազման», – ասաց նա:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Արյունաբանական կենտրոնում արյան 200 փաթեթ է խոտանվել եւ վնասը 2 մլն դրամ է կազմում: