Search
Close this search box.

ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին, տեղեկացրել է Երևանում ԿԽՄԿ խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը.«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»:

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա  Հակոբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։ Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: