Search
Close this search box.

«Իմ սերնդակիցների համար Քոչարյանը դիտվում և, երևի, դիտվելու է որպես ոչ ադեկվատ քաղաքական գործիչ». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Պարադոքս է, բայց նույնիսկ ձախողված քաղաքական գործիչները պայքարում են մինչեւ վերջ, եթե անգամ գիտեն` իրենց մահ է սպառնում: Սակայն, պատմությունը վկայում է, որ առավել արժանապատիվները կյանքին հրաժեշտ են տալիս ինքնասպանությամբ և գոնե պատմության համար փրկում սեփական ռենոմեն: Մինչդեռ մի կրակոցով «փրկվելու» արժանապատվությունը ոչ բոլորին է վիճարկված…

Ինչևիցե, իմ սերնդակիցների համար Քոչարյանը դիտվում և, երևի, դիտվելու է որպես ոչ ադեկվատ քաղաքական գործիչ:
Իր երկրի սահմանադրական կարգի «ոչնչացման ճարտարապետը» չլինելու, պատմության մեջ սև տառերով սեփական անունը չարձանագրելու համար նա ուներ բոլոր, բայց ամենից առաջ` արժանապատվորեն հեռանալու, հնարավորությունները: Մինչդեռ նա ուղղակիորեն չկարողացավ արժանի լինել պետության ղեկավարի շատ պատասխանատու կոչմանը:

Եվ նրա, պետք է համոզված լինել, վերջին հրապարակային հարցազրույցը «ինքնաոչնչացման» յուրատեսակ դրսևորում էր… Նրա խոսքում չկար երկիր կործանած մարդու պարագայում պարտադիր` ապաշխարության նշույլ իսկ: Իր երկրին և ժողովրդին նա բացարձակ օտար էր:

Նա կարող էր զբաղեցնել ցանկացած մեկ այլ ղեկավար պաշտոն մասնավոր ոլորտում, բայց ոչ երբեք` ինքնիշխան երկրի նախագահ, քաղաքական ֆիգուր, որ ունակ լիներ գնալու անձնական զոհաբերության, անգամ զրկվել կյանքից` հանուն իր երկրի:

Լինել պատերազմող երկրի նախագահ և ասել, թե տեղյակ չէ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանից և փորձել խուսափել պատասխանատվությունից՝ սա ոչ պարկեշտ մարդու վարք է: Ավելին, սա «անպատասխանատու» քայլ է: Աններելի…

Հ.Գ. Պաշտպանության նախարարի 0038 հրամանում առկա է հետևյալ ձևակերպումը, որ ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի, և ունենք տեսանյութ, որտեղ նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ասում է՝ «բանակի ներգրավման համար էդ հարցն ինձ չպետք է տաք»։ Դժվար չէ կռահել, որ Միքայել Հարությունյանը նկատի է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանին, երբ ասում է՝ «էդ հարցն ինձ մի տվեք, դուք չգիտե՞ք ում պետք է տաք»… Հետևաբար հեռու չէ այն օրը, երբ կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն անցել է նախագահի լիազորություններից և բանակը ներգրավել ներքաղաքական պրոցեսներին…