Search
Close this search box.

Ամենաթողությունը Շիրակի պետհամալսարանում շարունակվում է. Գագիկ Համբարյան

2017 թվականի սեպտեմբերին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ պայքարելու հիմնական պատճառներից մեկը բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրի ուսումնական պլանների անհիմն արմատական փոփոխությունն էր բոլոր կուրսերում: 2017 թ-ի հոկտեմբերի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան հանձնաժողովի ստուգումներից հետո ուսումնական պլանները վերափոխման ենթարկվեցին` սեպտեմբերին դասավանդած բազմաթիվ առարկաներ ուսումնական պլաններից հանվեցին և նոր առարկաներ ներառվեցին, այսինքն` մեկ ամիս շարունակ բազմաթիվ կուրսերում բազմաթիվ առարկաներ անիմաստ դասավանդվել էին: Ժամանակին նախկին ռեկտորին այդ մասին զգուշացվել էր, բայց, ինչպես միշտ, նա իր ցանկություններից այն կողմ ոչինչ չէր տեսնում: Այս պահին (մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ) ուսումնական պլանները կրկին փոփոխվում են արմատական ձևով: Ինձ առավել հետաքրքրում է «Պատմություն» կրթական ծրագրի ուսպլանի հերթական փոփոխությունը: ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը ինչպես կարող է թույլ տալ պատմություն մասնագիտության ուսպլանի փոփոխություն, եթե «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի նախկին պաշտոնակատար, դոցենտ Հովհաննես Խորիկյանի և դասախոս Գագիկ Համբարյանի վերականգնման գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և դատարանն արգելել է նշված ամբիոնում հիմնական դասախոս ընդունելը մինչև սույն դատական վեճի ավարտը` դրանից բխող հետևանքներով: Այս պահին պատմություն մասնագիտության ուսպլանից միտումնավոր հանվել են իմ և Հովհաննես Խորիկյանի դասավանդած առարկաները, այսինքն` դատարանի որոշումն արհամարհվել է Երվանդ Սերոբյանի և նշված ամբիոնի վարիչի պարտականությունները կատարողի կողմից: Դիցուք, պատկերացնենք, որ դատարանի կողմից մեր աշխատանքային իրավունքները վերականգնվելուց հետո մենք պետք է աշխատենք 1 դրույքաչափով, բայց տարիներ շարունակ դասավանդած մեր առարկաներն ուսպլանից դուրս են շպրտվել: 2018-2019 ուսումնական տարվա ինչ-որ հատվածում` սեպտեմբերին, հոկտեմբերին կամ էլ նոյեմբերին, մենք վերադառնում ենք բուհ, բայց մեր դասավանդած առարկաները չկան, իսկ բուհի ղեկավարությունը պարտավորվում է կատարել դատարանի որոշումը և մեզ ապահովել ամբողջական դրույքաչափով, իսկ Խորիկյանն էլ վերականգնվում է ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնում: Մենք մեզ ունիվերսալ մասնագետներ չենք համարում և հանուն դրքույքաչափի լրացման` չենք կարող ցանկացած առարկա դասավանդել` հաշվի չառնելով մեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը: Դատարանի որոշումից հետո մենք կարող ենք դատի տալ բուհին` ուսումնական պլանը փոփոխելու համար, բայց դրանից կտուժի միայն ուսանողը: Մյուս հարցն այն է, որ բուհի ղեկավարությունն ուսումնական պլաններն արմատական փոփոխության ենթարկելուց առաջ գոնե պետք է նայեր համալսարանի ռազմավարական զարգացման ծրագիրը, որով նման պահանջ դրված չէ, որ մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ անհրաժեշտ է փոխել ուսումնական պլանները: 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բողոքից հետո ուսումնական պլաններում համահամալսարանական «Հայոց պատմություն» առարկան պետք է մեկ կիսամյակի փոխարեն հաջորդ ուստարում դասավանդվեր առնվազն երկու կիսամյակում. այս փոփոխությունն անհրաժեշտություն էր, և առանց պատմության ուսպլանը փոփոխելու սա կարելի է իրականացնել: Շատ հետաքրքիր է` ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը և իր թիմը ի´նչ հիմքով են նաև թույլ տալիս պատմության ուսպլանի փոփոխություն. մի՞թե աշխատաշուկայի պահանջներն են փոխվել, որ անհրաժեշտաբար փոխվում է պատմության ուսպլանը: Մեր աշխատաշուկան նույնն է, ոչինչ էլ չի փոխվել:
Այս ամենը ես բացատրում եմ Շիրակի պետական համալսարանի ղեկավար փոքրամասնության մոխրացած գիտակցությամբ: Փաստորեն, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ դեռ չի մտել այդ փոքրամասնության գիտակցություն, և շարունակում են իրենց թշնամությունը` խաթարելով համալսարանի բնականոն գործունեությունը: Համալսարանի հարգելի ղեկավարություն, դուք չեք փորձում առողջացնել համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը, մտածել համալսարանի ապագայի մասին, այլ զբաղված եք մանր, անձնապաստան քայլեր կատարելով և որոշ մարդկանց շահերը սպասարկելով:
Համալսարանի ներքին և արտաքին շահակիցներ, խնդրում եմ, արձագանքեք այս գրառմանս, քանի դեռ նոր ուսումնական տարին չի սկսվել…

Գագիկ Համբարյան