Search
Close this search box.

Գնում են կաշառք են տալիս, վերցնում են, վերջում ձերբակալվում են, ասում են՝ վայ, էս ինչ եղավ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ զորակոչի գործընթացում կոռուպցիոն դրսևորումները շարունակվում են: Նա նշեց, որ քննարկել են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցը: Այս փուլում հարցադրումներ են հնչում՝ արդյոք այս թեման ուսումնասիրվում է, թե ոչ:

«Ես ուզում եմ ասել, որ թեման ուսումնասիրվում է և ոստիկանության կողմից, և Գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն են զբաղվում: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսը զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական իրականացվելու են: Ես ցավով եմ ասում՝ նախնական տվյալներով, որոշ բացահայտումներով՝ զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր երկրի նման երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ կատարվել»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ այս ոլորտում հետևողական ու շարունակական աշխատելու են՝ այդ խնդիրները արմատախիլ անելու համար:

«Գիտե՞ք զարմանալին որն է, այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան հայտարարում ենք, ինչ-որ մարդկանց թվում է մենք կատակ ենք անո՞ւմ, ես չեմ հասկանում: Գնում են, պայմանավորվում են, կաշառք են տալիս, վերցնում են, վերջում ձերբակալվում են, ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Եվ լինելու է այն, ինչ պետք է լինի: Որևէ մեկը չմտածի, որ մենք որևէ կետում կանգ կառնենք: Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լիենլու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է կարևորում այն, որ այսքան բացահայտումներ են եղել, բայց որևէ հիմնավոր հայտարարություն չի հնչել քաղաքական հետապնդման ենթարկելու մասին: