Search
Close this search box.

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել Միհրան Պողոսյանի «Քեթրին Գրուպ»-ում

«Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին:

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: