Search
Close this search box.

Այս ամենի ակունքում ամենապարզ «աբիժնիկությունն» է. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացում

Ի պատասխան mamul.am կայքում այսօր տպագրված ստի հերթական չափաբաժնի՝ տեղեկացնում եմ, որ սա ոչ ավելին է քան էժանագին ակնհայտ կեղծիք, որի ակունքներում ամենապարզ «աբիժնիկությունն» է , կամ գուցե՝ շանտաժի փորձը։ Ստիպված եմ բացել որոշ փակագծեր՝ հարցն ունի իր նախապատմությունը:

Սեփական էժանագին կայքը 43 միլիոն դրամով մեզ վրա վաճառելու բոլոր անհաջող փորձերից հետո, կայքի սեփականատերերի մոտ ակնհայտ անհավասարակշիռ վարքագիծ է սկսել դրսևորվել և նրանց այլ բան չի մնացել անելու, քան պրիմիտիվ ապատեղեկատվություն տարածել Գագիկ Ծառուկյանի անձի հետ կապված։ Խնդիր չենք դնում կետ առ կետ հերքելու սուտն ու ապատեղեկատվությունը, պատասխանելու ինչ որ կասկածելի ինֆորմացիայի աղբյուրների։

Բայց լավ կլիներ, որ այդ հոդվածների պատվիրատուներն ու հեղինակները տեղյակ լինեին, որ շուրջ 20 տարի Գագիկ Ծառուկյանն իր բոլոր բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել և երբևէ անձնապես որևէ հարցով չի զբաղվել՝ առավել ևս գազալցակայաններում տեղի ունեցող աշխատանքային հարցերով, կամ կադրային քաղաքականությամբ:

Հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություններում շուրջ 20 հազար աշխատակից կա և եթե մասնագիտական անբարեխիղճ գործունեության, սեփական անպատասխանատվության պատճառով աշխատանքից ազատված ինչ-ինչ նախկին աշխատակիցներ՝ սեփական չարությունը պարպելու նպատակով ստահոդ տեղեկություններ են տարածում Գագիկ Ծառուկյանի կամ Մուլտի Գրուպի ձեռնարկությունների մասին՝ իրեն հարգող յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է գոնե մեկ անգամ փորձեր այդ ձեռնարկություններից կամ Մուլտի Գրուպի լրատվական ծառայությունից ճշտել այդ տեղեկատվության հավաստիությունը, որից հետո նոր նման էժանագին հրապարակումներ աներ։ Գ. Ծառուկյանը շատ հազվադեպ է լինում իրեն պատկանող հիմնարկներում, չի զբաղվում ընթացիկ հարցերի քննարկմամբ, իսկ եթե շփվում է աշխատակիցների հետ, ապա բացառապես նրանց մի հոգս հոգալու, մի փուշ մատից հանելու, մի խնդրանքի լուծում տալու համար։

Նոր Հայաստանի պայմաններում այս լրատվամիջոցի տեսակն անընդունելի է։ Իհարկե, այս գործելաոճն էլ է հասկանալի, քանի որ տարիներ շարունակ բացառապես պատվերի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող այս կայքի դեպքում՝ տարիների ընթացքում միայն պատվիրատուներն են փոխվել, իսկ իրենք շարունակել են տարբեր դուդուկների հնչյունների ներքո՝ տարբեր տերերի համար իրենց սև գործն անել։

Այս հրապարակումներով վիրավորվում է մարդու արժանապատվությունը, խոսքը գնում է բարոյական վնասի, բարի անունն ու համբավը արատավորելու մասին։ Նման արաքը չպետք է անպատիժ մնա։ Մենք բոլոր նյութերը հանձնել ենք իրավաբաններին՝ համապատասխան հայցեր նախապատրաստելու համար։