Search
Close this search box.

Դանիել Իոնիսյանը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուզում է նոր Ընտրական օրենսգիրք ընդունել, որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում արդարության և ժողովրդավարության ապահովումն է: Արդարության մասով Ընտրական օրենսգիրքն անելիք չունի, որովհետև նախկին բոլոր ընտրություններում կեղծիքները կազմակերպվել են օրենքները շրջանցելով: Ինչ վերաբերվում է ժողովրդավարությանը, ապա այս հարցում օրենսգրքից շատ բան է կախված:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ղեկավար Դանիել Իոնիսյանը, ում ղեկավարում է Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող փորձագիտական խումբը, ասում է, որ իրենք որոշում են կայացրել, որ ընտրությունները տեղի ունենան 100 տոկոս համամասնական ընտրակարգով, և փակ ցուցակներով: Փակ ցուցակը նշանակում է, որ ընտրողը ընտրում է միայն կուսակցությանը, իսկ ցուցակում հերթականությունը որոշում է կուսակցության ղեկավարությունը:

Դաշնակցությունը առաջարկում է ավելի ժողովրդավարական մոդել`բաց ցուցակներով ընտրություններ կազմակերպելու տարբերակը, երբ ընտրողը ինքն է որոշում, թե ցուցակի որ պատգամավորին է ինքը ուզում տեսնել խորհրդարանում: Այս տարբերակի առավալությունը նրանում է, որ խորհրդարանական խմբակցության կազմը որոշում է ոչ թե կուսակցության ղեկավարությունը, այլ անմիջապես ընտրողը: Այս մոդելը կիրառվում է աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական պետություններում, և միանգամայն արդարացրել է իրեն: Դաշնակցության այս առաջարկին կողմ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և դրա խորհրդարանական խմբակցությունը:

Բայց դեմ է Դանիել Իոնիսյանը: Նա ասում է, որ փակ ցուցակի դեպքում անգամ կուսակցությունը շահագրգռված է ներկայացնել այնպիսի ընտրական ցուցակ, որը կապահովի ընտրողների աջակցությունը: Սրա մեջ ինչ որ տրամաբանություն կա, բայց չափազանց թույլ: Որովհետև բաց ցուցակի դեպքում երևում է, թե յուրաքանչյուր խորհրդարան անցած պատգամավոր ինչպիսի հանրային աջակցություն ունի, Հայաստանում նա որքան ձայն է ստացել: Հասկանում է սա Դանիել Իոնիսյանը: Իհարկե: Իսկ ինչու չի ուզում, որ հենց այդ համակարգը ներդրվի: Որովհետև քաղաքական պատվեր է կատարում, կատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը:

Ինչու է Նիկոլ Փաշինյանը դեմ, որ ընտրությունները տեղի ունենան բաց ցուցակներով, որը ինչպես նշեցինք ամենաժողովրդավարական համակարգն է: Բացատրությունն առավել քան պարզ է: Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ինքը անհատապես ունի հանրային մեծ աջակցություն, իսկ իր թիմի անդամները ոչ: Հիմա պատկերացրեք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բաց ցուցակով գնում է ընտրությունների, և այդ ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, հետո Արարատ Միրզոյանն է, Լենա Նազարյանը և մյուսները: Ընտրողը վերցնում է Քաղաքացիական պայմանագրի քվեաթերթիկը, և պետք է նշում անի այն թեկնածուի օգտին ում ուզում է տեսնել խորհրդարանում: Բնական է, որ ընտրողը միանգամից նշում է անելու Նիկոլ Փաշինյանի անվան դիմաց, իսկ մյուս թեկնածուներին ընտրելու են նրանց ազգականները, ընկերներն ու հարևանները: Երբ ընտրությունների արդյունքները ամփոփվի, պարզվելու է, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է 500 հազար ձայն, իսկ երկրորդ տեղում գտնվող թեկնածուն հազար, իսկ լինելու են թեկնածուներ, որ պատգամավոր են դառնալու 50 ձայն ստանալով: Սա իսկապես մեծ խայտառակություն կլինի, քանի որ այդ դեպքում կստացվի, որ Քաղաքացիական պայմանագրի 50 ձայն ստացած թեկնածուն պատգամավոր է, իսկ ասենք ԲՀԿ որևէ թենածու, որ ստացել է 5 հազար ձայն պատգամավոր չէ, որովհետև ԲՀԿ-ից պատգամավոր են դարձել 5 հազարից ավելի ձայն ստացած թեկնածուները:

Կստացվի, որ մենք գործ ունենք մեկ անձի կուսակցության, մեկ անձի իշխանություն հետ: Ահա նման խայտառակությունից խուսափելու համար է, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է բաց ցուցակներով ընտրուններին գնալուն, և Դանիել Իոնիսյանն էլ ինչ որ արդարացումներ և բացատրություններ է գտնում համոզելու, թե ինչու չպետք է կիրառվի առավել ժողովրդավարական ընտրական համակարգը:

ArmLife.am