Search
Close this search box.

«Ես դիմելու եմ դատարան՝ զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու և վնասի հատուցում ստանալու պահանջներով». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ…

Եվ այսպես…

Այսօր ՀՀ Քննչական ծառայությունից ստացել եմ զբաղեցրած պաշտոնից անհիմն ազատելու վերաբերյալ իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցելու մերժելու մասին որոշման պատճենը…

Չեմ անդրադառնում գևորգ կոստանյանի ներկայացրած բացատրություններին, քանզի դրանք ինքնին որևէ արժեք չեն ներկայացնում և կարող են միայն ծիծաղ առաջացնել:

Ես չեմ բողոքարկում ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչի որոշումը՝ հաշվի առնելով ինձ համար կարևոր մի շարք էական հանգամանքներ…

Նախ՝ մեծ հարգանք ունեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանի նկատմամբ՝ ում ճանաչում եմ շուրջ 25 տարի. նա իմ ընկերն է, և ես որևէ պարագայում չեմ կարող կասկածի տակ դնել նրա կողմից ղեկավարվող Հատուկ քննչական ծառայության աշխատանքները: Ես վստահում եմ նախաքննական այդ մարմնի պրոֆեսիոնալիզմին, չնայած այս որոշման նկատմամբ ունեմ միանգամայն այլ դիրքորոշում:

Երկրորդ, այո՛, անկախ այն հանգամանքից, որ իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ այդ որոշման մեջ արվել է շատ կարևոր արձանագրում, մեջբերում եմ. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի իմաստով՝ աշխատանքից ազատվելու մասին աշխատողի կամարտահայտությունը պետք է ունենա գրավոր ձև:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ…

… Նման պայմաններում բացակայում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների ղեկավար աշխատող և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու դեպքը, ինչը չի բացառում Արմեն Դանիելյանի կողմից իր խախտված իրավունքների վերականգման համար դատարան դիմելու հնարավորությունը»… մեջբերման ավարտը:

Այս ձևակերպումն արդեն իսկ վկայում է նախկին գլխավոր դատախազ գևորգ կոստանյանի կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքը խախտելու մասին…

Երրորդ՝ իմ պաշտոնանկությունից հետո երկու անգամ դիմել եմ ՀՀ նախագահին՝ առ այն, որ աշխատանքից ազատվելու դիմում չեմ ներկայացրել, երկու դեպքում էլ իմ կողմից հասցեագրած դիմումները մնացել են անպատասխան…

Այսօր Հայաստանում քաղաքական իրադրություն է փոխվել, և ես անպայմանորեն օգտվելու եմ իմ խախտված իրավունքների վերականգման համար դատարան դիմելու հնարավորությունից…

Այն ինչը կատարվել է ինձ հետ գուցե գևորգ կոստանյանի կողմից արված ամենափոքրագույն խախտումն է՝ նրա ողջ դատախազական գործունեության մեջ: Սակայն ես որոշեցի ոչ միայն բարձրաձայնել, այլև պայքարել…

Վստահ եմ, որ գևորգ կոստանյանը անպայմանորեն պատասխան է տալու իր գործունեության ընթացքում կատարած յուրաքանչյուր ոչ օրինական արարքի համար…

Այս մասին պարտադիր իրազեկելու եմ նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, որպեսզի այնտեղ ևս տեղեկացված լինեն, թե ով է երկար տարիներ եղել Հայաստանի ներկայացուցիչն այդ հեղինակավոր դատարանում:

Այո՛, ես դիմելու եմ դատարան՝ զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում վնասի հատուցում ստանալու պահանջներով…

Եվ խնդրում եմ, անպայմանորեն փոխանցեք իրեն գերպրոֆեսիոնալ իրավագետ համարող գևորգ կոստանյանին, որ վերջապես ընկալի, որ ինքը շատ երիտասարդ է, որ կարողանա Արմեն Դանիելյանին «հեռացնել» աշխատանքից..