Search
Close this search box.

Բացի հակաբիոտիկ և հոգեմետ դեղերից, մնացած դեղերը բաց կթողնվեն առանց դեղատոմսի

Կառավարության նիստին այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, նշեց, որ այն հետաձգվում է մինչեւ 2019թ. հուլիսի մեկ, սակայն սա չի վերաբերի հակաբիոտիկ ու հոգեմետ դեղերին, որոնք դեղատներում կրկին կվաճառվեն դեղատոմսով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ասելով. «Այս մեկ տարին պետք է լինի հասարակության պրակտիկ ներկայացնելու այս փոփոխությունների իմաստը, ու մարդկանց պետք է համոզել, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ իրենց, այլ ոչ թե ընդդեմ իրենց։ Եթե պարզվի, որ այս օրենքը ընդդեմ է մարդկանց, ապա հանում ենք, եթե հակառակը, ապա կներդնենք։ Նման անընդհատ հետաձգումով որեւէ հարց չենք լուծելու»:

Նախարարը նաեւ ավելացրեց, որ օրենքի լրամշակված տարբերակը ավելի շուտ են ներկայացնելու` մեկ տարի չենք սպասի, ու կներկայացնենք բոլոր խնդիրները։ «Սա 2-րդ հետաձգումն է, իսկ թե ինչու, քանի որ շատ արագ էր նախորդ անգամ ներդրվել»:
«Այս հարցով ԶԼՄ-երի ու հանրության հետ ակտիվ երկխոսություն պետք է անցկացնել` կիրառման փորձաքննություն իրականացնելու ու ոչ թե միայն թղթի վրա լինի այդ լուծումները, այլեւ կիրառական մոդել լինի։ Օրենքը չպետք է ուժի մեջ մտնի հետո հասկանանք, որ նման խնդիրներ կան»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր հերթին նշեց. «Նախկինում մեզ դիմած մարդկանց բողոքների մեծ ծավալը օրենքի այս փոփոխություններով էր պայմանավորված, որ մարդիկ խուճապի էին մատնված` սկսած շաբաթ-կիրակի պոլիկլինիկաները չաշխատելուց մինչեւ դեղատոմսերը։ Իրազեկման աշխատանքներին մենք մեր ջանքերը լիարժեք կներառենք ու միասին կաշխատենք»։