Search
Close this search box.

Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել.ակնարկը Սերժ Սարգսյանի խնամու մասի՞ն է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ միեւնույն մարդուն 2017 թվականի օգոստոսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում 6 անգամ տրամադրվել է միեւնույն բժշկական ծառայությունը, որոնցից յուրաքանչյուրի համար պետական բյուջեից պահանջվել է 51 հազար դրամ:

Նախարարը չի մանրամանասել, թե չարաշահումների կամ յուրացումների ակնարկը որ բժշկական կենտրոնին է վերաբերում: Օգտատերերը, սակայն, իրենց մեկնաբանություններում համոզվածություն են հայտնել, որ խոսքը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մասին է՝ միաժամանակ ներկայացնելով նաեւ այդ հաստատությունից ունեցած իրենց դժգոհությունները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առողջապահության նախարարությունն այնտեղ ուսումնասիրություններ է սկսել: Նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանն Իրավաբան․net-ին հայտնել էր, որ ուսումնասիրություններն իրականացվում են՝ պարզելու 2016, 2017, 2018 թվականներին այս բուժհիմնարկին հատկացված պետական պատվերի շրջանակում ծախսերի արդյունավետությունը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ղեկավարում է Արա Մինասյանը: Նա Սերժ Սարգսյանի խնամին է:

armtimes.com