Search
Close this search box.

ՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը Մարտի 1-ի բացահայտումն է. ՀՀ վարչապետ

Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի ՀՔԾ-ն, դա մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է: Այդ մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունում ներկայացնելով ՀՔԾ-ը նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ մի քանի կարեւոր դիտարկումներ անել ՀՔԾ-ի գործունեության հետ կապված։ Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն  զբաղվում է այն իրավախախտումներով,հանցագործություններով որոնք վերագրվում են օրենսդիր, դատական,գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Հաջորդ ամենակարեւոր մյուս գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված  գործերն են եւ այս շրջանակը ցույց է տալիս այն բացառիկ կարեւորությունը, որն ունի Հատուկ քննչական ծառայությունը՝ իրավակարգի ապահովման բնագավառում։ Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ դարձած մարդ հայտարարել հետեւյալը՝ այն, ինչ հայտարարում ենք հրապարակայնորեն, դա այն է, ինչ նկատի ունենք։ Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ բոլորը հավասար են եւ նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան եւ նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիան կարող է գոյություն ունենալ։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը եւ ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը։ Ուզւմ եմ նաեւ հիմա լուծել իմ եւ հատուկ քննչական ծառայության հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ։ Ուզում եմ ասել, որ ՀՔԾ-ի քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաեւ առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ։ ՀՔԾ-ի քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը եւ դրոշը ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Շահինյանին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել պարոն Խաչատրյանին եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում։ Նաեւ հրապարակայնորեն եմ ուզում ասել, որ ասվածի տրամաբանությամբ ամենակարեւոր գործերից մեկը, որը պետք է անի  ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է»,- հայտարարել է վարչապետը եւ ընդգծել. «երբ ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, ուրեմն չկան, և եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ պատճառներով, քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն գնացել, ես հույս ունեմ որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան այդ բոլոր գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովվելու նպատակներից ելնելով»- ասաց վարչապետը:

ՀՔԾ արդեն նախկին պետ Վահրամ Շահինյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետին և ընդգծեց՝ հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է և երանի նրանց, ովքեր իրենց գործունեությամբ, ծառայությամբ կարողացել են արդարացնել այդ մեծ պատիվը:

Վահրամ Շահինյանը վստահեցրեց՝ սկզբունքային, պրոֆեսիոնալ և բարձր բարոյական հատկանիշներ ունեցող կոլեկտիվ է թողնում, որը ժամանակի պահանջներին համահունչ իրականցրել է իր գործառույթը՝ ոչ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քննության ոլորտում՝ այլև կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում:

«Քիչ ղեկավարներ կարող են հպարտանալ, որ իրենց ծառայության ընթացքում այդքան հաջողություններ չեն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, որքան ՀՔԾ-ն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՔԾ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար:

Միևնույն ժամանակ Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին՝ նշանակման առիթով և հավելեց. «Պարոն Խաչատրյան, մեծ պատիվ է Ձեզ համար նման կոլեկտիվ ղեկավարելը և համոզված եմ, որ ժամանակի այն պահանջները, որ դրվել են Հատուկ քննչական ծառայության առջև, Դուք պատվով կիրականացնեք»:

Նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը ևս շնորհակալություն հայտնեց Վահրամ Շահինյանին՝ մեկ հարկի տակ պրոֆեսիոնալ քննիչներ հավաքելու համար:

Նա նաև նշեց, որ շուրջ 20 տարվա իր գործունեության ընթացքում առնչվել է գրեթե բոլորի հետ՝ և՛ որպես մանկավարժ, և՛ որպես դատախազ, և՛ որպես քննիչ աշխատելու տարիներին և համոզմունք հայտնեց, որ այս կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր:

Իսկ կամքն այդ խնդիրները լուծելու կա:

«Շնորհակալ եմ նման պատասխանատու աշխատանք վստահելու համար, վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները»,- եզրափակեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: