Search
Close this search box.

«Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավոր երաշխավորություն է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը անձնական երաշխավորություն է ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատգմավորները երաշխավորում են, որ գտնվելով ազատության մեջ՝ Արամ Մանուկյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց:«Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք  դրանից բխող բոլոր պարտավորությունները»,- նշված է փաստաթղթում:

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը նույնպես  անձնական երաշխավորություն ներկայացրեցին ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Արամ Մանուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի ( շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1.2 կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ 1-ին մասի հատկանիշներով: