Search
Close this search box.

Գեւորգ Սաֆարյանը պատգամավորների երաշխավորությամբ էլ ազատ չարձակվեց

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդության լուծումը հետաձգվեց:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանը:

Մինչ այդ այսօրվա նիստին քննվեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եւ Ալեն Սիմոնյանի անձնական երաշխավորությամբ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատելու միջնորդությունը:

Այս միջնորդությունը ներկայացրեց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Պատգամավորները, այսպիսով երաշխավորել են, որ Սաֆարյանը գտնվելով ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը չառարկեց Սաֆարյանին պատգամավորների երաշխավորությամբ ազատելու միջնորդության դեմ: Մասնավորապես, Փանոսյանը նշեց. «2018 թվականի մայիսին ՀՀ-ում ծավալված իրադարձություններն ու դրանց արդյունքում ձեւավորված իրողությունները էական ազդեցություն ունեն արգելանքից ազատելու դեպքում Գեւորգ Սաֆարյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով: Մասնավորապես, իրադրության փոփոխման արդյունքում էապես նվազել է ամբաստանյալի կողմից հանցագործություններ կատարելու հավանականությունը»,- ասաց նա եւ հավելեց, որ չի առարկում պաշտպանի միջնորդության դեմ:

Գեւորգ Սաֆարյանը, սակայն առարկեց մեղադրող դատախազի գործողությունների դեմ՝ նշելով, որ ինքը որեւէ վտանգ չի ներկայացրել, որ իր նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել: «Քրեական գործում դրված են իմ ելույթները դրանք եղել են հանրային, չեն եղել թաքուն, ես երբեւէ հանրության համար վտանգ չեմ ներկայացրել»,- ասաց Սաֆարյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, ապա վերադառնալով նման որոշում կայացրեց: