Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետի գործի մասին դատախազության տարածած հաղորդագրությունն առնվազն տարակուսանք է առաջացնում. Քննչական կոմիտեի հայտարարությունը

 ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Առնվազն տարակուսանք է առաջացնում դատախազության այսօր տարածած հաղորդագրությունը։

Նախաքննական մարմինը գտել է, որ ունի բավարար ապացույցներ (տուժողների ցուցմունքներ, տեսագրությունների զննությունների արձանագրություններ) և մեղադրանքներ է առաջադրել Մասիսի քաղաքապետին անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու, իսկ մյուսներին միայն դրանց մասնակցելու համար։

Նախաքննական մարմինն իր որոշումների մասին պատշաճ ընթացակարգով տեղեկացրել է դատախազին և նույն օրը՝ հունիսի 1-ին, դատախազի պահանջով քրեական գործը ուղարկել դատախազություն։

Եթե դատախազը կարծում էր, որ նախաքննական մարմինը ցուցաբերել է շտապողականություն,ապա կարող էր օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից և հետ վերցնել միջնորդությունները դատարանից, ինչը չի արվել։ Իսկ նման նախադեպեր այլ քրեական գործերով արձանագրվել են։

Դատարանի որոշումից օրեր անց, երբ մերժվում է նաև փոխքաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատախազի միջնորդությունը՝ այդօրինակ հայտարարության տարածումը դատախազության կողմից մեղմ ասած անհասկանալի է։

Եթե իսկապես դատախազությունը կարծում է, որ ցուցաբերվել է շտապողականություն, ապա կարծում ենք նաև պետք է հիմնավորի, թե ինչու դրանք հետ չի վերցրել և արդյոք դատախազները ենթարկվել են պատասխանատվության ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու համար»,-նշվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում թույլ է տվել բացթողումներ՝ ցուցաբերելով անհարկի շտապողականություն։