Search
Close this search box.

Ջրային տնտեսության պետական կոմիտե. Կամ հերքում, կամ դատարան

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը տարածել է հերքում՝ արձագանքելով «Ժամանակ» օրաթերթում 01.06.2018 թվականի ի հրապարակմանը.

Արձագանքելով «Ժամանակ» օրաթերթում 01.06.2018 թվականին մեզ համար  անհասկանալի մղումներից դրդված և որևէ կերպ չփաստարկված ««Թայֆեն»  գրպանել է» նյութի հրապարակմանը, որն այնուհետև արտատպվել է մի շարք  լրատվամիջոցներում, հարկ ենք համարում մի քանի պարզաբանում անել:
Նախ և առաջ, ևս մեկ անգամ հաստատում ենք, որ այս պահի դրությամբ Սևանա  լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 30 սմ-ով: Այս տվյալը  ներկայացնում է ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեն, այլև՝ «Հայպետհիդրոմետը»՝ որպես անկախ և ոչ շահագրգիռ կառույց:
Ինչ վերաբերում է անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակի 13 սմ-ով  նվազման տվյալին և այն պնդմանը, որ դա տեղի է ունեցել մարտ-ապրիլ  ամիսներին Սևանից իրականացված ջրառի պատճառով, ապա հարկ ենք համարում  նշել, որ Սևանից ջրառ իրականացվել է ապրիլի 18-ից մայիսի 7-ը ընկած  ժամանակահատվածում: Սևանից ջրառը դադարեցվել է՝ մայիսին՝ անձրևառատ  եղանակային պայմաններին զուգահեռ: Այդ ընթացքում Սևանից բաց է թողնվել շուրջ 24.7 մլն խմ ջուր: Այս ցուցանիշն անփոփոխ է  մինչ օրս, քանի որ  Սևանից ջրառը դեռ չի վերսկսվել: Կամայական հաշվարկի դեպքում՝ 24.7 մլն խմ  ջրբացթողումը՝ որպես մարդածին ազդեցություն,  Սևանա լճի մակարդակի վրա  կարող է թողնել 2 սմ-ի բացասական ազդեցություն: Բացի այդ հարկ ենք  համարում նշել, որ այս ընթացքում Արփա-Սևան թունելի միջոցով Եղեգիս գետից  և Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 93 մլն խմ ջուր՝  թունելի անվտանգության համար թույլատրելի 14 խմ/վ թողունակության  պայմաններում: Նույնիսկ այս երկու թվերի համեմատությունը ցույց է տալիս,  որ Սևանա լիճ տեղափոխվել է շուրջ 70 մլն խմ ավելի ջուր, քան եղել է  Սևանից կատարված ջրբացթողումը, որն, ի դեպ, «Սևանա լճի էկոհամակարգի  վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների  տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված 170  մլն խմ-ի շրջանակներում է իրականացվել: Ամենապարզ հաշվարկներից էլ  հասկանալի է դառնում, որ Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի հաշվին  լճի մակարդակը բարձրացել է 5.6 սմ-ով: Ի դեպ, այս տարի Արփա-Սևան  թունելով Սևան տեղափոխված ջրի ծավալները շուրջ 25 մլն խմ-ով գերազանցում  են անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործմանը, ապա հարկ ենք  համարում ևս մեկ անգամ նշել, որ Սևանից ջրբացթողում իրականացվում է  բացառապես ոռոգման նպատակով, իսկ էլեկտրաէներգիայի ստացումը հարակից արդյունք է, որը որևէ կերպ չի խոչընդոտում ոռոգման ընթացքին:
Եվ վերջապես, ինչ վերաբերում է իբր Սևանից կատարված ջրառի արդյունքում 13  մլն դոլարի  յուրացման հետ կապված ակնհայտ սուտ և զրպարտող  տեղեկություններին, ապա ակնկալում ենք «Ժամանակ» օրաթերթի հերքումը և ներողության հայցումը, այլապես հարցը կլուծենք իրավական կարգով՝ ՋՏՊԿ-ի և  Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը  արատավորող ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակման համար:
Ակնկալում ենք  Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պատրաստված  հերքման և ներողության հրապարակում «Ժամանակ» օրաթերթի հաջորդ համարում,  ինչպես նաև՝ նյութը արտատպած մյուս բոլոր լրատվամիջոցներում դրա  արտատպումը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի  համաձայն: