Search
Close this search box.

Շարժական ավտոցիստեռնների միջոցով գազի վաճառքը պետք է բացառվի. ԱԻՆ

Վերջին ամիսներին ՀՀ ԱԻ նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազ (ՀԱԳ) վաճառող շարժական ավտոցիստեռնների հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց գերակշիռ մասը շահագործվում է խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված տարբեր մակնիշի բեռնատար մեքենաներով՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով:

Հարցը հատկապես մտահոգիչ է և հրատապ այն պատճառով, որ այդ շարժական ավտոցիստեռններն ունեն խիստ մեծ պոտենցիալ պայթյունահրդեհավտանգավորություն և դրանցում առաջացած հրդեհներն ու պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և’ մարդկային, և’ նյութական:

Առկա իրավիճակը մեծապես պայմանավորված է նրանով, որ տնտեսվարողները թույլտվություն են ստանում ավտոցիստեռնով հեղուկացված ածխաջրածնային գազ տեղափոխել, սակայն սկսում են իրականացնել գազի վաճառք՝ խախտելով նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրենց լիազորություններն իրականացվում են ոչ պատշաճ: Ակնառու է, որ նրանց կողմից թերագնահատվում է հրդեհի, տեխնածին վթարի և դրանց վտանգավոր գործոնների իրական սպառնալիքը: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ՏԻՄ-երի կողմից հաճախ շարժական ավտոցիստեռններին տրամադրվում են թույլտվություններ` հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով՝ դրանով իսկ մեծացնելով հրդեհների և տեխնածին վթարների առաջացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի աստիճանը:

Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը՝ տեսչությունն անցկացրել է նպատակային հետազոտություններ, իսկ առավել վտանգավորների նկատմամբ իրականացրել վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք ենթարկվել են համապատասխան ներազդման միջոցների` օրենքի ողջ խստությամբ:

Հետազոտության ենթարկված բոլոր օբյեկտների ղեկավարներն իրազեկվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների և դրանց չկատարման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին:

Դեռևս կան որոշ տնտեսվարողներ, որոնք անսալով տեսչության հորդորներին ու նրանց նկատմամբ կիրառված վարչական ներազդման միջոցներին՝ շարունակում են իրենց գործունեությունը: Մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում Ա/Ձ Վարդան Մկրտչյանի և Գարիկ Հայրապետյանի նկատմամբ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջների խախտման վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, տեսչության կողմից տրվել են կարգադրագրեր շահագործումը արգելելու վերաբերյալ, 2 անգամ կիրառվել է վարչական տուգանք, սակայն նրանք մինչ օրս շարունակում են շարժական ավտոցիստեռնների շահագործումը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ շարժական ավտոցիստեռնները նախատեսված են հեղուկացված ածխաջրածնային գազը միմիայն տեղափոխելու համար: Մենք շարունակելու ենք գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված անբարենպաստ իրավիճակը կարգավորելու և տվյալ ոլորտում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ` հնարավոր անկանխատեսելի արտակարգ պատահարներից խուսափելու համար: