Search
Close this search box.

Ինչո՞վ են պայմանավորված ԱԱԾ-ի կողմից «Երևան սիթի»-ում իրականացվող ստուգումները. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պարզաբանումը

«Իհարկե, 100-տոկոսանոց արդյունքի չենք հասել, բայց աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ստվեր չլինի: Մեր գործողությունները միշտ միտված են եղել ստվերի կրճատմանը: Բնական է, որ թիրախում պետք է լինեն խոշոր հարկ վճարողները, որովհետև նրանք ապահովում են հարկային եկամուտների շուրջ 80 %-ը: Հենց նրանց մոտ կարող են լինել հարկերի պակաս հայտարարագրման դեպքեր»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Երևան սիթի»-ում ԱԱԾ-ի կողմից ստուգումներին, ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Նշենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ «Երևան Սիթիի» գլխամասային գրասենյակ են մտել դիմակավորված, համազգեստով անձինք: Ռ. Մաշադյանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը «Երևան սիթի»-ում ստուգումներ չի իրականացնում. «ԱԱԾ-ի գործողություններն են տվյալ տնտեսվարողի մոտ, եթե ԱԱԾ-ի կողմից ձեռք կբերվեն տեղեկություններ, հետագայում կարձանագրվեն ստուգման ակտերով, ու հետագայում կներկայացվեն վճարման»:

Ռաֆիկ Մաշադյանը նշել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործել են «Երևան սիթի»-ի տարածքում, իրացրել են ոչ միայն գյուղմթերք, այլև ուրիշ ապրանքներ: «Կա հստակ ինֆորմացիա, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ տեղյակ չեն եղել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնելու մասին»,- մանրամասնել է նա:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ մինչև հեղափոխությունը ՊԵԿ-ը չի բացահայտել այդ խախտումները, Մաշադյանը պատասխանել է. «ՊԵԿ-ին երբեք չի հետաքրքրել բիզնես իրականացնողը տիրապետում է՝ ինքը բիզնես ունի, թե ոչ: Այդ սխեման մեզ համար գաղտնիք չի եղել, մենք տիրապետել ենք այդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ: Իսկ ստուգումներն իրականացնում ենք բացառապես ռիսկերի հիման վրա»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների ցանցում ստուգումներ անցկացնելու հարցին, ասել էր՝ «Վենդետաներ չեն լինելու, սա ընդամենը Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»:

Նշենք, որ վերջին օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Այս Բաժնից