Search
Close this search box.

«Հայաստանի ընդդիմության խարիզմատիկ առաջնորդը ուժեղացնում է ճնշումը». միջազգային մամուլի արձագանքը

Միջազգային մամուլը շարունակում է լայնորեն արձագանքել հայաստանյան իրադարձություններին:

«Բանակցությունների տապալումից հետո Հայաստանի ընդդիմության խարիզմատիկ առաջնորդը ուժեղացնում է ճնշումը», – գրում է The Washington Post-ը: – «Ժամանակը կարծես աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին: Եթե Փաշինյանը հաջողության հասնի, ապա Հայաստանը` Ուկրաինայի և Վրաստանի հետ միասին կհամալրի հետխորհրդային այն պետությունների թիվը, որտեղ ժողովրդավարական հեղափոխություններ են տեղի ունեցել»:

«Առաջին անգամ քաղաքականությանն առնչվել եմ 13 տարեկանում, երբ դպրոցական էի, ղարաբաղյան շարժման ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ ես սկսեցի հետաքրքրվել ժողովրդավարությամբ», – The Washington Post-ի թղթակցին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի ժողովրդավարական հաղթանակը»․ Վաշինգտոնում լույս տեսնող The Atlantic հանդեսում տպագրած իր հոդվածն այսպես է վերնագրել ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի առաջատար փորձագետներից մեկը` Փոլ Սթրոնսկին:

«Ամեն անգամ, երբ փողոցային բողոքի ակցիաների արդյունքում նախկին խորհրդային հանրապետություններից մեկում առաջնորդ է փոխվում, Վլադիմիր Պուտինը սկսում է ենթադրել, որ դրանում Արևմուտքի մատն է խառը: Բայց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի` երկուշաբթի օրը տեղի ունեցած ցնցող հրաժարականից հետո, որին նախորդեցին 11 օր տևած բողոքի ակցիաները, նման հետևության հանգելը մեծ սխալ կլիներ», – նշում է ամերիկացի վերլուծաբանը:

Սթրոնսկիի համոզմամբ, այն, ինչ տեղի ունեցավ երկուշաբթի Երևանում, ժողովրդական կամքի իրական արտահայտություն էր:

«Սարգսյանը կորցրել էր իրականության զգացումը, Հայաստանի քաղաքացիները հոգնել էին նրա տված և այդպես էլ չկատարած խոստումներից ու համատարած կոռուպցիայից», – գրում է The Atlantic հանդեսի հոդվածագիրը:

Al Jazeera հեռուստաընկերությունը երեկ երեկոյան եթերում մոտ կես ժամ նվիրել է հայաստանյան իրադարձություններին` զրուցելով Երևանում գտնվող փորձագետների և ակտիվիստների հետ: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Al Jazeera-ի եթերում ասել է․ – «Կարեն Կարապետյանը որոշեց տիրանալ իշխանությանը, և այսօր մենք փողոց ենք դուրս եկել՝ ասելու, որ Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցիչ չի կարող գլխավորել ժամանակվոր կառավարությունը»:

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, Հայաստանի համար այսօր առանցքային նշանակություն ունի փաստացի միակուսակցական համակարգի վերացումը:

«Բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել: Քաղաքական նոր իրականության պայմաններում ազատ ընտրությունները օրվա հրամայականն են: Մի շարք առումներով Փաշինյանի գործողությունները խթան հանդիսացան», – Al Jazeera-ի եթերում նշել է Կիրակոսյանը:

Բրիտանական BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը ևս այս օրերին Երևանում է: Հեռուստաաընկերության թղթակից Ռայհան Դեմիտրին մանրամասնորեն պատմում է երեկ վերսկսված բողոքի գործողությունների և Երևանի փողոցներում տիրող մթնոլորտի մասին․ – «Այստեղ նստած մարդիկ կարծես ինչ-որ համերգի մեկնարկից առաջ հավաքված լինեն: Սակայն նրանք մասնակցում են բողոքի գործողություններին: Այս մարդիկ բողոքում են Հանրապետական կուսակցության դեմ, որն արդեն 20 տարի է, ինչ իշխանության ղեկին է»: