Search
Close this search box.

Պայմանագրում ատոմակայանի վերաբերյալ գաղտնի կետ չկա

Եվրամիության հետ պայմանագրում Հայաստանի Ատոմակայանի հետ կապված որևէ գաղտնի կետ չկա, այսօր լրագրողներին ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Ըստ նրա՝ մեկ տողով հստակ այնտեղ գրված է Եվրամիության պահանջը: «Գրված է, որ ՀՀ-ն պետք է հնարավորինս կարճ ժամկետում ներակայացնի Ատոմակայանի ապագործարկման ճանապարհային քարտեզ: Ընդամենը դա է, ուրիշ բան այդտեղ չկա»,- նշեց նա:
Հարցին, թե դա չի զրկո՞ւմ Հայաստանին նոր Ատոմակայան ունենալու իրավունքից, փոխնախարարը պատասխանեց, որ դա այն պայմանագիրը չէ, որը կարող է Հայաստանին զրկել որևէ իրավունքից:
Հարցին, թե ՀՀ կառավարությունը վստա՞հ է, որ հնարավոր է նոր Ատոմակայան ունենալ՝ հաշվի առնելով այն, որ ներդրողների կողմից կարծես հետաքրքրություն չկա այս ուղղությամբ, Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին կառավարությունն իր ամբողջ ռեսուրսն ուղղում է Ատոմակայանի կյանքի երկարացման ծրագրին:
«2019 թվականի ավարտին արդեն մենք հստակ կիմանանք, թե ինչ ռեսուրս կունենանք այնտեղ և քանի տարի կարող ենք դա շահագործել: Եվ այդ գնահատականը տրվելու է ոչ թե մեր նախարարության կողմից, այլ տրվելու է ՄԱԳԱՏԵ-ի կողմից: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե նոր Ատոմակայանի կառուցման ծրագիրը երբ պետք է մեկնարկի, ինչ հզորությամբ և ինչ տեխնոլոգիաներով: Ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաները նույնպես զարգացում են ապրում, նոր տեխնոլոգիաներ կան՝ ավելի փոքր հզորությամբ, և մենք մշտապես ուսումանսիրում ենք, որոշում կկայացնենք 2020-2022 թվականներին»,- նշեց նա:

Այս Բաժնից